Последние новости

Հայկ Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանի հետ

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանը պատրաստ է հարմար առիթի դեպքում հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանը Հայկ Մարությանին առաջարկել է հանդիպել ու խոսել «սև ու սպիտակի» մասին, որի ձևակերպումը 2018 թ. տվել էր հենց Մարությանը։

«Շնորհակալ եմ հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդի և սիրված հոգևորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու և, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի և ճշմարտության» (ինչպես սրբազանն է ասում) կամ «սև ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին»,– գրել է Մարությանը։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա «Նոր ուժ» կուսակցության նախագահը նշել է, որ գաղափարական խոր անհամաձայնություն ունի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, սակայն դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։

Նա ընդգծել է` փաստ է, որ մայիսի 9–ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018 թ. շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։

Sputnik Արմենիա



ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ