Последние новости

Նոր մանրամասներ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սպանությունից

Սևան-Երևան ավտոճանապարհին հուլիսի 17–ին տեղի ունեցած սպանության դեպքով նոր մանրամասներն են հայտնի դարձել։ Այ մասին գրում է shamshyan.com–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևան–Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Արդյունքում երեք անձ` Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ 37-ամյա Ա. Աֆիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։

Կայքը գրում է, որ Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը պարզվել է։

Նշվում է, որ ժամը 19։50–ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ-ն Վ Ա-ի, Ս Ս-ի և Գ Ս-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի` իրենց պատվիրած հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։

Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա Աֆիյանի, Ա Ալոյանի, Է Աֆյանի և Գ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության մեջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ-ի ընկերները։

«Միսակ Փ-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա, փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա Ալոյանը, որը փորձել է Է Աֆյանի ձեռքից վերցնել ատրճանակը։ Միսակ Փ-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք։ Միսակ Փ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել նաև Ա Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինիս որովայնին»,– մանրամասներ է ներկայացրել կայքը։

Նշվում է, որ Լյովա Բ-ն, որը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է, և Միսակ Փ-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ձերբակալման պահին «քոթեջի» սեղանի վրա հայտնաբերվել է երկու ատրճանակ, որոնցից մեկը` «Մակարով» տեսակի։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ