Последние новости

ԵՄ–ի հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ ՀՀ բանակցությունները հեշտ չեն ընթանում. նախարար

Եվրամիության հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ բանակցությունները հեշտ չեն ընթանում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ԵՄ–ի «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը Հայաստանի համար գործում էր 2019–ից 2021 թ–ի վերջը և նախատեսում էր մաքսատուրքերի զրոյացում մի շարք ոչ հումքային ապրանքների համար` հագուստ, ալյումինե փայլաթիթեղ, սննդամթերք և այլն:

«2022 թվականից այս ռեժիմը դադարել է գործել, քանի որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի մակարդակով սկսել է համարվել միջին եկամուտ ունեցող երկիր։ Հայաստանը բանակցում է նոր ռեժիմի՝ ATM–ի (առևտրի ինքնավար միջոցառումներ) շուրջ, սակայն եվրոպացի գործընկերները նախազգուշացնում են, որ այն լիարժեք գործել չի կարող: Այդ պատճառով բանակցություններ են ընթանում դրա մասնակի կիրառման վերաբերյալ»,– ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով` ԵՄ արտահանվող այն ապրանքների համար, որոնց վաճառքի հարցում կարող են դժվարություններ առաջանալ, նախարարությունը քննարկում է աջակցության ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցը:

Նշենք, որ դեպի ԵՄ երկրներ արտահանումը զգալիորեն զիջում է ԵԱՏՄ–ի հետ առևտրի ծավալներին։ 2023 թվականին Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 8 մլրդ 415 մլն դոլար, որից 3 մլրդ 609 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին (միայն 3 մլրդ 319 մլն–ն՝ Ռուսաստանին)։ ԵՄ երկրներ արտահանումը կազմել է մոտ 710 մլն դոլար կամ 8,4%։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ