ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար դատաքննության սկզբունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանը։
Նա այս եզարակցությանն է եկել` դիտարկելով Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200–ից ավելի էջ)։
Սահակյանը փաստաթղթում առանձնացրել է մի քանի կարևոր կետեր։ Դրանցից առաջինն այն է, որ մեղադրանքի մեջ Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք:
«Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը»,– ընդգծել է իրավապաշտպանը:
Հաջորդ դիտակումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ։ Այս հանգամանքը մեղադրանքի մեջ որակվել է որպես հանցավոր կազմակերպություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքին:
«Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ»,– նշել է Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով` Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թ. սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար, մինչդեռ այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Սահակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը: Բացի այդ, ըստ նրա, ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը:
Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
«Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։ Դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում»,– նշել է Սահակյանը:
Վարդանյանի մեղադրական եզրակացության մեջ անգամ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները, ներկայացվել է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:
«Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն»,– հայտարարել է Սահակյանը:
Ամփոփելով իր խոսքը` իրավապաշտպանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հիշեցրել է, որ Բաքվում ներկայում անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած 16–ին ևս սպասվում է նույն ճակատագիրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.