Последние новости

ՀՀ մաքսային ծառայությունը 2024 թվականին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր է հավաքել

ՀՀ մաքսային մարմինները 2024 թվականին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր են հավաքել։ Այս մասին ԱԺ–ում նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին հավաքագրվել են 2 տրլ 391 մլրդ դրամ հարկեր և տուրքեր կամ 7.6%-ով շատ, քան 2023 թվականին։ Հարկային ծառայության գծով մոտ 11% աճ է գրանցել, մաքսային ծառայության գծով՝ 15% անկում։

Մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման ծավալների նվազմամբ։ Հակոբյանը բացատրեց` հետևաբար կրճատվել է նաև դրանցից գանձվող հարկերի չափը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշը շատ բարձր է եղել (2022 թվականի համեմատ այն աճել էր գրեթե 1.9 անգամ. խմբ.):

Հակոբյանի խոսքով` այստեղ նվազումը հիմնականում պայմանավորված է եղել երկու գործոնով, նախ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում թանկացել է ավտոմեքենաների օգտահանման վճարը (70-ից մինչև 85%), որը 2025-2030 թվականներին կշարունակի աճել: Երկրորդ՝ Վրաստանում սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել (Հակոբյանը չնշեց` կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը):

Ընդհանուր առմամբ 2024 թվականին հավաքագրված ԱԱՀ-ի ընդհանուր ծավալը նվազել է 1.5%-ով և կազմել 755.9 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ ներմուծվող ապրանքներից ստացվող վճարները կրճատվել են 15.8%-ով կամ 81.8 մլրդ դրամով, այն դեպքում, երբ տեղական ապրանքների դիմաց վճարվող գումարն աճել է 28.2%-ով կամ 70.4 միլիարդով։

Նշենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է վիճակագրական կոմիտեն, 2024 թվականին ծխախոտի ներմուծումը նվազել է 13.7 մլն դոլարով կամ 30%-ով։ Մարդատար ավտոմեքենաների ներմուծումը 2023 թվականի համեմատ նվազել է 798 մլն դոլարով կամ 60%-ով։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ