Последние новости

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն։ Այդ մասին նշվել է Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստի ժամանակ։

Նշվում է, որ ժողովի ժամանակ հատուկ քննարկվել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների դեմ։

Այդ առումով ժողովն արձանագրել է, որ պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերը սահմանել են դրանց անջատ լինելը, հետևաբար, նաև եկեղեցու անկախությունը։

«Եկեղեցուն և եկեղեցականներին վերաբերող հարցերը քննվում են եկեղեցական կանոնադրության համաձայն։ Հետևաբար, եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող հարցերին միջամտելու որևէ իրավական հիմք պետությունը չունի: Խստորեն դատապարտելի է եկեղեցական հարցերը հրապարակային քննարկման համար օգտագործած ոճը»,– նշված է հայտարարության մեջ։

Ժողովի մասնակիցները նաև ընդգծել են, որ հայրենիքին դիմագրաված գոյաբանական խնդիրների և անվտանգությանը սպառնացող իրավիճակի դիմաց անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգները դիմակայելու ուղղությամբ՝ մերժելով նման բաժանարար և պառակտիչ փորձերը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ