Փաշինյան․ Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
««Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», - պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար», - շարունակում է Փաշինյանը:
- Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:
- Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:
- Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:
– Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում:
- Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:
- Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են և, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ:
- Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից:
- Նախ և առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ում զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:
- Արդյո՞ք Մոսկվան կմիջամտի առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։
– Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաև, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի՝ նման անհրաժեշտություն ծագելու պարագայում:
- Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն:
- Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:
- Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որևէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում:
- Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենաէֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից:
- Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը:
- Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին:
- Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով և համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով:
- Երբ կա ահաբեկչական հարձակում՝ ստիպված ես արձագանքել, և այսօր, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել:
- Այս պատերազմը Ձեզ որպես անհատի է ներքաշել նաև:
- Այո, քանի որ որդիս, ով 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 19:48
Правительство Индии заявило, что Пакистан использовал беспилотники турецкого производства для проведения разведывательных операций над территорией Индии. Об этом сообщает издание The Economic Times.
-
2025-05-09 19:43
Началось серьезное давление, увольняют с работы моих товарищей по команде, родственников, друзей. Об этом заявил в видеоматериале, распространенном на своей странице в Facebook оппозиционный депутат, экс-кандидат в мэры Гюмри Мартун Григорян.
-
2025-05-09 19:41
Делегации Армении, Азербайджана, Беларуси, Казахстана, Кыргызстана, России, Сербии, Таджикистана, Туркменистана, Узбекистана при ОБСЕ выступили с совместным заявлением по случаю 80-летия Победы над нацизмом во Второй мировой войне. Об этом сообщает МИД Беларуси.
-
2025-05-09 19:37
Кремль не намерен реагировать на желание некоторых стран Евросоюза учредить «антироссийский трибунал». Об этом сообщил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, отвечая на вопрос ТАСС.