Պրահայի հայտարարության մեջ Ղարաբաղի հարցը որևէ կերպ չի շոշափվել և, դատելով ադրբեջանական հայտարարություններից, նրանք ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այն գոյություն չունի։ Դա, իհարկե, այդպես չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Քանի դեռ Ղարաբաղի տարածքում գոյություն ունի ԼՂՀ, որտեղ ապրում են ադրբեջանական իշխանություններին չենթարկվող մարդիկ, որոնք ունեն իրենց իշխանությունը, իրենց Սահմանադրությունը, օրենքները և այլն, իսկ սահմանի երկայնքով խաղաղապահներ են կանգնած, Ադրբեջանի համար Ղարաբաղի խնդիրը գոյություն ունի։ Բայց քննարկել այն, թեկուզ բաց, գոնե հիմա Բաքուն պատրաստ չէ։ Ուստի խնդիրը դեռ օդում կախված է: