Логотип

Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Փաստաթղթերը հրապարակելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ընդդիմության բազմաթիվ կոչերի ու պահանջների։

Կառավարության կայքում տեղադրվել է ընդհանուր առմամբ 13 ֆայլ, այդ թվում 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակները և այլն։

«Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,-տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992 թվականին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի համանախագահությամբ ստեղծվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները «համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո»։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։

Sputnik Արմենիա