Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև, անհնար է միաժամանակ լինել այդ երկու միավորումներում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք և կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներում միաժամանակ անհամատեղելի է։ Ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի», – ասել է փոխվարչապետը լրագրողներին:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու ՌԴ-ն լավ շփումներ ունեն, սակայն երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարի նկատելիորեն նվազել է։
«Տնտեսական ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի անկում է գրանցել, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառության մասին։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 12,4 մլրդ դոլար։ Այս տարի ակնհայտ է, որ այն կլինի 6 մլրդ մակարդակում։ Սա շատ նկատելի անկում է», – ընդգծել Է փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ ռուսական բիզնեսը սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանի հետ աշխատելուն:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է:
Sputnik Արմենիա
