Логотип

Արամ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԻՐԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ

Իրանը մոբիլիզացված է, հասարակությունը համախմբվել է պատերազմի պայմաններում։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։ Նա նշեց, որ Իրանում պատերազմն է, որին իր հետ բերում է մի ամբողջ շարք ազդեցություններ՝ հոգեբանական, տնտեսական, քաղաքական և ռազմական։ Նրա գնահատմամբ՝ այսօր Իրանում այդ բոլոր գործոնները միաժամանակ առկա են, և երկիրը գտնվում է ամբողջական մոբիլիզացման փուլում։

«Բարեբախտաբար, հասարակությունը կանգնած է հանուն հայրենիքի պայքարի, թշնամու դեմ պայքարի, հանուն համակարգի պայքարի։ Բնականաբար, չկա այնպիսի հասարակություն, որտեղ այդ մոբիլիզացումը կամ տեսակետները 100 տոկոս նույնը լինեն, ու իրանական հասարակությունն էլ բացառություն չէ։ Ցավոք սրտի, մենք դա տեսանք նաև անկարգությունների օրերին։ Այն զանգվածը, որը ինչ-որ նպատակներ էր հետապնդում և կտրված էր իրականությունից, մտածում էր, թե հիմա այսպես կոչված Թրամփն ու Նեթանյահուն իրենց համար «ազատություն» են բերելու։ Հիմա տեսնում են դրա հետևանքները։ Այդ ազատությունը, որը ուզում էին ռումբերի և հրթիռների միջոցով՝ տարօրինակ ազատություն է, այո, շատ տարօրինակ ազատություն»,– ասաց նա։

Շահնազարյանը համոզմամբ` Իրանի աշխարհագրական չափերը և հասարակության համախմբվածությունը լուրջ խոչընդոտ են ցանկացած արտաքին ցամաքային ներխուժման համար։ Հենց այս համատեքստում նա տապալված համարեց ԱՄՆ–ի և Իսրայելի մտադրությունը, որով փորձում էին ցամաքային պատերազմ սկսել Իրանի դեմ` իրաքյան քրդերի միջոցով։

«1 միլիոն 800 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունի երկիրը։ Եթե ցամաքային զորքը մտնի և փորձի խորանալ այդ տարածքի մեջ, ապա պետք է հասկանա՝ սա ոչ Սիրիան է, ոչ Իրաքը, ոչ էլ որևէ այլ երկիր։ Նույնիսկ Լիբիան չէ։ Լիբիայի դեպքում էլ տեսանք, որ չհամարձակվեցին ցամաքային զորք մտցնել և գնալ դեպի անապատի խորքերը։ Նույնը վերաբերում է նաև Իրանին»,– նշեց Շահնազարյանը։

Ներկայիս ռազմական իրավիճակը ցույց է տալիս, որ Իրանը կարողանում է դիմակայել լուրջ ճնշմանը։

«Մենք տեսնում ենք՝ Իրանը կռվում է տարածաշրջանի իր գլխավոր ախոյանի դեմ, որը ռազմական առումով տարածաշրջանի թիվ մեկ երկիրն է՝ Իսրայելը։ Կռվում է նաև աշխարհի թիվ մեկ բանակ ունեցող երկրի դեմ՝ ԱՄՆ-ի։ Երկու երկրների համատեղ ճնշման պայմաններում Իրանն արդեն մոտ մեկ շաբաթ շարունակ դիմադրում է և ոչ միայն պաշտպանվում է, այլ նաև պատասխան հարվածներ է հասցնում»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ այս իրավիճակում կարևոր դեր են խաղում Իրանի հրթիռային համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն են տալիս երկրին ոչ միայն պաշտպանվել, այլև հակահարված տալ։ Միաժամանակ նա հավելեց, որ Իրանը դեռևս ամբողջությամբ չի օգտագործել իր ռազմական պոտենցիալը։ Նրա խոսքով՝ երկրի զինանոցը շատ ավելի մեծ է, և այժմ արդեն խոսվում է նոր սերնդի հրթիռների կիրառման մասին։

«Երկու անգամ Իրանը դարձել է պատերազմի թիրախ հենց այն ժամանակ, երբ բանակցություններ էին ընթանում։ Դա դավաճանություն էր բանակցային և դիվանագիտական գործընթացի նկատմամբ»,– նշեց Շահնազարյանը։

Նա անդրադարձավ Իրանի քրդաբնակ շրջաններում իրավիճակին՝ նշելով, որ այնտեղ նույնպես փորձեր են եղել անկարգությունների ալիք ստեղծելու, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել։ Նրա խոսքով՝ Իրանի քրդերը պատմականորեն կարևոր դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության գործում։

«Չմոռանանք, որ Իրանի քրդերը համարվում են այդ շրջանների ամենաուժեղ սահմանապահները։ Իրաքի հետ պատերազմի փորձը ցույց է տալիս, թե ինչպես են նրանք մասնակցել իրանական հայրենիքի պաշտպանության գործին»,– ասում է նա։

Իրանն ու ԱՄՆ-ն, ըստ վերլուծաբանի, Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել առանց ճանաչելու իրանցիներին, նրանց արժեքային 5000–ամյա համակարգը։

«Կովբոյական մտածողություն էր, որ պատերազմը կսկսենք, երկրի առաջնորդի կսպանենք, ու 48 ժամվա մեջ կհանձնվի։ Իրանը մեկ շաբաթ է պատերազմում է, ու թե՛ քաղաքական, թե՛ ռազմական համակարգը գործում է ժամացույցի պես»,– շարունակեց Շահնազարյանը։

Շահնազարյանը չհերքեց՝ պատերազմն առաջացրել է տնտեսական, սոցիալական և հումանիտար խնդիրներ։ Սակայն, նրա կարծիքով, այս պահին Իրանի հասարակության համար առաջնային հարցը երկրի պաշտպանությունն է։

«Ժողովուրդը մինչ օրս մզկիթներում, հրապարակներում ու փողոցներում է, որ պաշտպանի երկիրը ու թույլ չտա ներքին անկարգություններ։ Փողոց դուր եկած մարդիկ էլ շատ սոցիալական խնդիրներ ունեն, կարող է քաղաքական հարցերով էլ նույն կերպ չեն մտածում, սակայն հիմա նրանց համար խնդիրը հայրենիքի, հավատքի և ազգային արժանապատվության պաշտպանությունն է»,– եզրափակեց Արամ Շահնազարյանը։

Sputnik Արմենիա