Логотип

ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»

Արցախի տարածքում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային և հոգևոր արժեքները: Պետք է ենթադրել՝ «խաղաղ օրակարգի» շրջանակներում։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՍԳՈ ՕՐՎԱ ՀԱՋՈՐԴ ԻՍԿ ՕՐԸ «խորոված փարթի» են կազմակերպում։ Խորովածը պատրաստում են հենց մայրաքաղաքի կենտրոնական փողոցում՝ անտարբեր, որ անհարմարություն են պատճառում հարակից շենքերի բնակիչներին. «Քաղաքացիական պայմանագիրը» տժժում է: Ընդ որում Ալեն Սիմոնյանը նեղանում է լրագրողներից, որ Փաշինյանի հորինած «Քաղաքացու օր» տոնն անվանում են «խորոված փարթի»։ Խոսնակը հերթական անգամ հիմար դրության մեջ հայտնվեց։ Այդ «տոն» կոչեցյալը «խորոված փարթի» է անվանել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը՝ հրավիրելով քաղաքացիներին Ամիրյան փողոց…

Վերջին շրջանում Սիմոնյանը շատ նյարդային է դարձել։ Փաշինյանի հետ հավասար հիստերիայի մեջ է ընկնում. գուցե այն պատճառով, որ վերջերս ամուսնացել է, իսկ գուցե՝ որ վախենում է ընտրություններից հետո զրկվել թիկնազորից։ Ինչ-որ արտառոց բաներ է բարբաջում ուղիղ եթերում, թե իբր՝ ընդդիմությունը «վայնասուն է կապել» իրենց խորոված-շոուների առնչությամբ… Իրականում ընդդիմության առաջնորդները իշխող կուսակցության խրախճանքը չեն մեկնաբանել։ Իսկ այ Սիմոնյանն ու Փաշինյանն իսկապես «վայնասուն կապեցին» ջահերով երթի կապակցությամբ, «հերոսաբար» աչքի ընկան Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանն աջակցող հայտարարություններով։

Ապրիլի 24-ի հաջորդ օրն իր կազմակերպած խրախճանքը իշխող թիմը հիմնավորում է շատ պարզ. իրենք դեմ են երկարատև սուգին… Դա ասում են այն կուսակցության ներկայացուցիչները, որը բերել է Հայաստանի անկախության տարիների ամենամեծ սուգը:

Նրանք իշխանության նոր մանդատ են պահանջում, քանի որ «խաղաղություն են բերել»։ Դա ասում են այն թիմի ներկայացուցիչները, որը ռազմական բախումներ ու պարտություն է բերել։

Նրանք ասում են, թե իրենց օգտին պետք է քվեարկել, քանի որ իրենք անկախություն են բերել Հայաստանին։ Ընդ որում, մտադիր են փոխել Սահմանադրությունը Ալիևի ու Փաշազադեի պատվերով…

Նրանք ասում են, թե մեծ ժողովրդավարներ են և բանտ նետում իրենց ընդդիմախոսներին։ Ընտրարշավին մասնակցելու Սամվել Կարապետյանի հնարավորությունները սահմանափակված են։ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը բանտում է շինծու մեղադրանքով: Այնտեղ՝ բանտերում են նաև ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ։

Նրանք ասում են, թե մեծ ժողովրդավարներ են և պաստառ են փակցնում «Չկա Հայաստան առանց Փաշինյան» գրությամբ։ Հնարավո՞ր էր արդյոք նման բան պատկերացնել «բռնակալներ» Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք։ Կամ որ նրանցից որևէ մեկն ասեր, թե կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա…

Նորմալ երկրում Փաշինյանն ու Սիմոնյանը պարզապես կամաչեին կրկին հավակնել իշխանության, իսկ իրենց թիմը՝ ընդհանրապես քաղաքական կյանքին մասնակցության։ Քանզի միակ բանը, որ նրանք կարողացան անել, պետական պարտքը կրկնակի ավելացնելն էր, վատ ասֆալտ փռելն ու հանրակրթական հաստատությունները վերանորոգելը՝ զուգահեռաբար… փակելով հանրակրթական այլ հաստատություններ: Եվ ընտրություններից երկու ամիս առաջ բարձրացնել թոշակները՝ հասկանալով, որ ընտրությունների ավարտից հետո գնաճը միանգամից կխժռի այդ հավելումը… Իր ողջ խղճուկ բովանդակությամբ հանդերձ՝ իշխող թիմը հավատում է հաղթանակին։ Հավատում է, որովհետև չափազանց մեծ խաղադրույքներ են կատարվում Հայաստանի վրա։

Ինչի՞ հաշվին կարող է հաղթել «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընդդիմադիր թիմերի տարանջատման և փոխադարձ մեղադրանքների հաշվին։ Սև պիարի, ապատեղեկատվության, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի հաշվին, որ վարում է իշխող կուսակցության քարոզչությունը։ Որպեսզի հասարակության մեջ համընդհանուր նողկանքի մթնոլորտ ստեղծի ընտրարշավի նկատմամբ, որպեսզի մարդիկ այն աստիճան զզվեն այդ ամենից, որ չգնան քվեարկելու։

Պաշտոնական քարոզարշավի մեկնարկին զուգընթաց Հայաստանը կհեղեղվի ստի, ապատեղեկատվության և անհամարժեք բառապաշարի նոր տարափով: Կայա Կալլասի ուղարկած եվրոպական նոր գործակալների գգոն հսկողության և անգլիական հետախուզության հրահանգների ներքո. Արմեն Սարգսյանը հեռացավ, բայց նրա գործը մնաց։

Ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերը նվեր են Փաշինյանին, քանզի կանխահայտորեն խորհրդարան չանցնող ուժերի հիմնական մասը իրենց տերերի կողմից ուղարկված է մասնակցելու ընտրություններին մեկ նպատակով. զբաղվել իրական ընդդիմության վարկաբեկմամբ։