Կարելի է, անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»-ը ստորադասել ազգային շահերին: Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ: Դրա մասին Հանրապետության հրապարակում, նախքան դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ջահերով երթի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ պաշտոնն ու մանդատը հայրենիքից կարևոր չեն:
«Նիկոլ Փաշինյանը, ուրանալով Ցեղասպանությունը, մոռանալով Արցախը, ուրանալով պահանջատիրությունը, չբարձրացնելով Արցախում մեր մշակութային ցեղասպանության հարցերը, ջուր է լցնում Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ջրաղացին: Այսօր դրված է Հայաստանի գոյության կամ վիլայեթացման հարցը: Դրա համար յուրաքանչյուրը, կրկնում եմ՝ յուրաքանչյուրը, ում համար թանկ է Ծիծեռնակաբերդը, ում համար թանկ է Եռաբլուրը, պետք է մոռանա իր «ես»-ը հանուն Հայաստանի շահի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր նահատակների»,- ասել է Շարմազանովը:
Նա շեշտել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, «մենք կվերածվենք այն բանին, ինչ ասել է Հրանտ Մաթևոսյանը՝ «անհիշողություն անասունի»»:
«Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը մնա անհիշողություն: Ես ուզում եմ և անելու եմ ամեն ինչ, որ հիշողությունը դառնա մեր ապագայի տեսլականը: Չկա պետություն առանց հիշողության: Իր անցյալը ուրացող, իր ողբերգությունները մոռացող պետությունը, ազգը իրավունք չունի անկախ պետություն ունենալու»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նրա կարծիքով՝ այժմ ստեղծված իրավիճակը խաղաղություն չէ:
«Սա թրքապաշտություն է: Ես պատերազմի կոչ չեմ անում, ես կոնֆլիկտի կոչ չեմ անում: Ես արժանապատվության, ինքնասիրության կոչ եմ անում: Մի՞թե Սողոմոն Թեհլերյանը, Շահան Նատալին, Գարեգին Նժդեհը, Արմեն Գարոն, Արամ Մանուկյանը, Դուշման Վարդանը, Մոնթե Մելքոնյանը, մեր այսօրվա հերոսները, մեր նախագահները, Վազգեն Սպարապետը խաղաղություն չէին ուզում: Բոլորից շատ իրենք էին ուզում: Կամ այն մայրերը, որոնք իրենց զավակներին ուղարկեցին նահատակության: Այս առումով հայկական պահանջատիրությունը շատ կարևոր է, և իշխանափոխությունից հետո մենք պետք է շարունակենք ոչ միայն հետևողական պահանջատիրության ու դատապարտման պայքարը, այլև պայքարը թուրքական բռնապետության դեմ, ինչպես դա անում էր նախորդ իշխանությունը»,- ասել է Շարմազանովը:
