Փաշինյանի մոտեցումն անպարկեշտ է ընտրողի նկատմամբ, RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մեկնաբանելով Փաշինյանի պնդումները, թե ինքն է Ադրբեջանի հետ խաղաղության միակ և առանցքային երաշխավորը՝ նախկին նախագահը նկատել է, որ դա շանտաժ է, և պատերազմով շանտաժում է մի մարդ, ում վարչապետության օրոք տեղի է ունեցել Հայաստանի համար աղետալի պարտությամբ ավարտված պատերազմ և եղել են հսկայական թվով զոհեր. «Եվ ընդ որում՝ ոչ մեկը. «եղել են» տարածքների կորուստ, Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստ… Ղարաբաղի լիակատար կորուստ… Եվ մարդը, ով այդ պատերազմի, այդ բախումների ու կորուստների պատճառն է, հիմա խոսում է խաղաղության մասին և փորձում է իր կերպարն ասոցացնել խաղաղության հետ։ Բայց դա… նախ՝ անամոթություն է, երկրորդ՝ շանտաժ է, և երրորդ՝ երևի թե անամոթ շանտաժի մի համակցություն։ Մեր մոտեցումն այստեղ ակնհայտ է՝ նման մոտեցումն ընդհանրապես անպարկեշտ է ընտրողի նկատմամբ։ Այսինքն՝ դու կարծես վերցնում ես մի մահակ, որի վրա գրված է «Պատերազմի սպառնալիք», և փորձում ես պատերազմի շանտաժով կոտրել ընտրողի կամքը։ Մեզ համար այդ կատեգորիան անընդունելի է… Ես, իհարկե, համաձայն չեմ դրա հետ։ Եվ ընդհակառակը՝ մենք ասում ենք, որ եթե Փաշինյանը մնա, ապա պատերազմի սպառնալիքը կկրկնապատկվի-կեռապատկվի, քանի որ Ադրբեջանի ախորժակը, Թուրքիայի ախորժակը չեն նվազելու, ավելին՝ դրանք մեծանում են»։
Ճշտող հարցին՝ արդյոք խոսքը Սյունիքի մարզի բռնակցման մասին է, նախկին նախագահը նշել է. «Ես խոսում եմ այն սպառնալիքների մասին, որոնք իր հետ բերում է Փաշինյանի քաղաքականությունը։ Փաշինյանի քաղաքականությունն ակնհայտորեն արտահայտված է նույնիսկ վերջին հայտարարության մեջ, ըստ որի Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Դա, իհարկե, աբսուրդ է հնչում, բայց դա հնչեցրել են հենց ինքն ու Հայաստանի խորհրդարանի նախագահը։ Այսինքն՝ (իմ համեմատությամբ) դա նույնն է, ինչ Գազայի հատվածում հանկարծ հայտարարեին, թե պաղեստինցիների անվտանգության երաշխավորը Իսրայելն է։ Հնարավո՞ր է նման բան ընդհանրապես պատկերացնել…»։
Խոսելով ընտրողների ակնկալիքների մասին՝ Քոչարյանը նկատել է, որ նրանք կայունություն են ուզում, ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում. «Մարդիկ հոգնել են հակասական հայտարարություններից, հիստերիկությունից, տեղի ունեցողի անհասկանալիությունից։ Որովհետև երբ իշխանությունը կամ իշխանավորները կարող են մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում իրարամերժ հայտարարություններ անել աշխարհաքաղաքական կողմնորոշման, ներքին քաղաքականության, պատերազմի կամ խաղաղության վերաբերյալ, դա անհանգստություն է առաջացնում։ Մարդիկ սիրում են կայունություն, մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչ կլինի վաղը»։
Այն դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է՝ «եթե ինձ ընտրեք, կլինի խաղաղություն, իսկ եթե ընտրեք ընդդիմությանը, կլինի պատերազմ», նախկին նախագահը հակադարձել է. «Դե, մենք էլ հակառակն ենք ասում, և մեր փաստարկներն ավելի շատ են։ Իմ նախագահության 10 տարիները Հայաստանի համար եղել են ամենախաղաղ տարիները»։
Այն մեկնաբանությանը, թե հիմա ժամանակներն այլ են և հին աշխարհը փլուզվում է, երկրորդ նախագահը հիշեցրել է՝ առնվազն 2020 թվականին աշխարհը դեռ չէր փլուզվում, բայց Փաշինյանն իր քաղաքականությամբ 2018-2020 թվականներին՝ մինչև 44-օրյա պատերազմը, արեց ամեն ինչ, որպեսզի պատերազմն անխուսափելի դառնա, բառացիորեն՝ ամեն ինչ։ «Այն, ինչ կատարվում է աշխարհում, բազմաբևեռությանն ուղղված շարժումը, մի փոքր ավելի վաղ էր սկսվել, բայց անորոշությունը զգալիորեն աճեց արդեն 2022 թվականից հետո»։
Ըստ նախկին նախագահի՝ Ալիևը ընտրել է պահը. «Ցանկացած երկիր, նախքան լուրջ քայլեր անելը, հաշվարկում է այդ քայլերը։ Նրանք ընտրեցին հենց այն պահը, երբ Հայաստանի ղեկավարության մեջ հայտնվեց մի մարդ, ով քանդում է Հայաստանի անվտանգության աշխարհաքաղաքական կառուցվածքը, փչացնում հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։
Եվ իր այդ ջանասիրության մեջ նա պարզապես հասավ մինչև գումարտակային օղակի մակարդակին։ Իսկ դա տեղի էր ունենում և նա այդպես էր վարվում էր, որովհետև առնչություն չուներ բանակի հետ, դրա ձևավորման հետ, չէր հասկանում այդ բանակը, չէր վստահում, վախենում էր այդ բանակից և փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի առնցքային պաշտոնները լցնի իրեն հավատարիմ սպաներով ու գեներալներով։
Բայց տվյալ դեպքում մարդիկ, ովքեր հարմարվում են որոշակի քաղաքական իրավիճակի, այնքան էլ լավ ռազմիկներ չեն և ոչ էլ լավագույն գեներալներն ու սպաներն են։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանում պարզապես տեսան դա, և ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունը նրանց մոտ զգալիորեն աճեց։ Բացի դրանից, հենց ինքը՝ Փաշինյանը, պարզապես կործանեց բանակցային գործընթացը, նա հրաժարվեց բանակցել։ Այսինքն՝ նա, ըստ էության, ստեղծեց մի իրավիճակ, երբ նույնիսկ համանախագահները զինաթափված էին Հայաստանի իշխանությունների նման գործողություններով։
Նա ասում էր, թե 30 տարվա բանակցություններն իր համար ոչինչ չեն նշանակում, և ինքը սկսում է իր սեփական՝ զրոյական կետից։ Այսինքն՝ այստեղ համընկան մի քանի հանգամանքներ. բանակցային գործընթացի կործանումը (դա վանեց Մինսկի խմբին, քանի որ նրանք հայտնվեցին լիակատար շոկային իրավիճակում), և դա խրախուսեց Ալիևին ռազմական գործողության, այսինքն՝ նա տեսավ Հայաստանի թուլությունն ամբողջ սպեկտրով»։
