Նիկոլ Փաշինյանը թափ առնող քարոզարշավի ընթացքում եռանդագին առաջ է մղում այն թեզը, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նույնպես ապրիլի 18-ին Ստամբուլում կայացած Անթալիայի դիվանագիտական համաժողովում խոսեց խաղաղության մասին՝ որպես կատարված փաստի և բավական լավատես էր տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման հարցում: Բայց ավաղ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փչացրեց ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի երիտասարդ տեղակալի տրամադրությունը՝ նրա ելույթից հետո հերթական անգամ հիշեցնելով, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխման խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ցանկացած երկխոսություն որևէ արժեք չունի:
ԹՎՈՒՄ Է՝ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԻ. Փաշինյանը միշտ էլ պատրաստակամություն է ցուցաբերել կատարելու Բաքվի գործնականում ցանկացած վերջնագրային պահանջ, ահավասիկ տվյալ դեպքում էլ նա արդեն հրապարակավ հայտարարել է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին (առանց Անկախության հռչակագրին հղում բովանդակող նախաբանի, որում հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ակտը, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը), դրանով իսկ փաստացի ծանուցելով Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքի կազմաքանդումը։ Բայց այստեղ բնավ ամեն ինչ չէ, որ պարզ ու հարթ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարությունը խոստացել էր հրապարակել նոր սահմանադրության տեքստը այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։ Մինչդեռ Փաշինյանը ապրիլի 18-ի ճեպազրույցում չբացառեց, որ նոր սահմանադրության նախագիծը կհրապարակվի արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Փաշինյանը պարզաբանեց, որ անձամբ մասնակցել է փաստաթղթի մշակմանը և լիովին կողմ է դրա հրապարակմանը։ Սակայն, հավելեց նա, կառավարությունում շարունակվում են քննարկումները որոշ սկզբունքային նրբերանգների շուրջ, որոնք վերաբերում են պետական կառավարման մեխանիզմներին (թե հատկապես որոնց՝ նա չհստակեցրեց), ուստի նպատակահարմար չի համարում հրապարակել մինչև առկա տարաձայնությունների լիակատար կարգավորում: Եթե մոտ ժամանակներս կոնսենսուսի հասնել չհաջողվի, նախագիծը կներկայացվի արդեն ընտրություններից հետո, ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «պետական կառավարման մեխանիզմներին վերաբերող որոշ սկզբունքային նրբություններին», ապա խոսքը, հավանաբար, այն մեխանիզմների մասին է, որոնք թույլ կտան «Քաղաքացիական պայմանագրին» սահմանադրական օրենքներ ընդունել նույնիսկ առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության, և որոշ այլ փոփոխությունների։ Այս մասին, համենայնդեպս, հաղորդում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով Սահմանադրական դատարանում իր ունեցած աղբյուրներին։ Հիշեցնենք նաև Փաշինյանի վերջերս արած այն հայտարարությունը, որ առանց նոր սահմանադրության «անհնար է լուծել դատական ոլորտի խնդիրների զգալի մասը»:
ՍԱԿԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ, ՇԱՏ ԱՎԵԼԻ ՃՂՃԻՄ Է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանական ուղղաձիգում առանցքային բոլոր որոշումները Փաշինյանը կայացնում է միանձնյա։ Ուստի նրա խոսքերը «շարունակվող քննարկումների» և թիմի ներսում «կոնսենսուսի» որոնման մասին լուրջ կասկածներ են հարուցում: Ամենայն հավանականությամբ, սահմանադրության նախագծի տեքստի հրապարակման ձգձգման իրական պատճառը սուր քաղաքական ռիսկերն են։ Իշխող քաղաքական ուժը, որի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, խուճապահար վախենում է հասարակական դժգոհության պոռթկումից։ Հայ հասարակության զգալի մասը խիստ բացասաբար է ընդունել Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու որոշման լուրը, ընկալելով դա որպես ազգային խոր նվաստացում և վերջնական հրաժարում պատմական ժառանգությունից:
Այսպես թե այնպես, բայց հանրաքվեից խուսափել նոր սահմանադրության ընդունման դեպքում անհնար է։ Գործող իշխանության համար խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի դեպքում անգամ (ինչի հնարավորությունը չնչին է) սահմանադրական հանրաքվեն կարող է վերաճել համաժողովրդական անվստահության քվեի կառավարությանը, ինչը խաչ կքաշի Փաշինյանի ու իր թիմի անփառունակ կառավարման այս բոլոր տարիների վրա։
Մյուս կողմից՝ ակներև է նոր սահմանադրության ընդունման գործընթացն արագացնելու վարչապետի ձգտումը։ Փաշինյանի հավակնությունները ծայրահեղ են. նա չի էլ թաքցնում Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և չորրորդի ծնունդ ազդարարելու ցանկությունը։ Փաշինյանն ուզում է վերաշարադրել Հայաստանի պատմությունը, ավելի ճիշտ՝ սկսել դա «մաքուր էջից», փաստորեն՝ ինքն իրենից, յուր սիրելի անձից։ Ձեռքի հետ էլ՝ թոթափել պատասխանատվությունը իր կառավարման նախորդ ձախողված տարիների համար։ Հիշո՞ւմ եք, թե ժամանակին ինչպես էր նա հայտարարում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը «զրոյից» սկսելու մտադրության մասին։ Թե ինչի հանգեցրեց զրոյացման այդ փորձը՝ հայտնի է բոլորին։ Իսկ այժմ խաղադրույքն արդեն ոչ միայն Արցախն է, այլև Հայաստանը։
Փաշինյանին իսկապես չես նախանձի, նրա վիճակը կարելի է բնութագրել դասական արտահայտությամբ. «աչքը ուզում է, ձեռքը՝ դողում»։ Մի կողմից՝ Բաքվի վերջնագրային պահանջներն ու «նոր հանրապետություն» ստեղծելու սեփական մեսիական հավակնությունները, մյուս կողմից՝ վախը ժողովրդից։ Ըստ երևույթին, հենց այս բարդ երկընտրանքն է Նիկոլ Փաշինյանին հասցնում ծայրահեղ հուզական հյուծվածության: Հավանաբար, հենց այդ հոգեբանական ճնշմամբ է բացատրվում նրա հերթական նյարդային պոռթկումը, որին բոլորս տհաճություն ունեինք հետևելու ապրիլի 17-ին խորհրդարանում:
