«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների դիտորդական տեղական նախաձեռնության անունից հայտարարեց «արժեքավոր տեղեկությունների» համար քաղաքացիներին պարգևատրելու պատրաստակամության մասին: Խոսքն այն տեղեկությունների մասին է, որոնք վերաբերում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի միջամտությանն ընտրական գործընթացներին։
ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ. «ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ԻՆՉ–ՈՐ ԲԱՆ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ»: Արտահայտությունը հնչեց հայտնի հեռուստաալիքի ստուդիայում՝ ներքաղաքական գործընթացներին Ռուսաստանի միջամտության թեմայով զրույցի համատեքստում, կապված մեր երկրում համապետական ընտրությունների հետ: Իոաննիսյանը թափանցիկ ակնարկեց, թե ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականները կարող են ազդել գյումրեցիների քաղաքական ընտրության վրա:
Հենց գյումրեցիներից է Իոաննիսյանն ակնկալում «արժեքավոր տեղեկություններ» ստանալ պարգևի դիմաց։ Նա հիշատակեց «ձայնագրության և միջամտության այլ ապացույցների» մասին։ 102-րդ ռազմաբազայի իբր միջամտության մասին քարոզչաթեզը ռեժիմի ներկայացուցիչներն ու ՔՊ-ին սպասարկող հասարակական նախաձեռնությունները շրջանառում էին դեռևս Գյումրիի ավագանու ընտրություններից առաջ (2025թ.մարտի 30)։
Իոաննիսյանը հիշատակեց նաև, թե տեղի դիտորդների տրամադրության տակ «հավաստի տեղեկություններ կան ՌԴ 8 ռեգիոններից»՝ հայ գործարարների նկատմամբ ԱԴԾ տեղական ստորաբաժանումների գործադրած ճնշումների վերաբերյալ: Նրա խոսքերով, գործարարներին կանչում են ու առաջարկում ՀՀ ընտրություններում աշխատել կոնկրետ քաղաքական ուժի օգտին, իսկ հրաժարվելու դեպքում՝ սպառնում բիզնեսի վրա ճնշումներով, հարկային ստուգումների ու հումքի մատակարարման ձգձգումների տեսքով։
Իոաննիսյանն ասաց, որ արդեն փետրվարից մասնակցում է արտաքին միջամտությանը հակազդելու մեթոդների ու եղանակների քննարկմանը, թեև դիտորդական նախաձեռնությունը սկսել է գործել միայն մարտ ամսից: Նրա խոսքերով, ընտրությունների ընթացքին անօրինական միջամտություններն իրականացվում են ապագա ընտրողների կաշառման, քաղաքական ուժերի ապօրինի ֆինանսավորման և վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Վերջինը հասանելի է միայն իշխանություններին, քանզի ընդդիմությունը վարչական ռեսուրս չունի։
Մնում է հասկանալ՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականների միջամտության թեմայով ձայնագրության և այլ տեսքով «արժեքավոր տեղեկությունների» համար պարգևներ տալու հրապարակայնորեն արտահայտված պատրաստակամությունը պարգևի անվան տակ գյումրեցիների ընտրակաշառման մասին հայտարարություն է, թե՞ դրան կարելի է այլ բացատրություն տալ: «Մենք խոստանում ենք պարգևատրել…»,- ասաց Իոաննիսյանը, ավաղ, չհստակեցնելով, թե ովքեր են այդ «մենք»-ը, քանիսն են, և ում հաշվին է ձևավորվել այդ պարգևատրման ֆոնդը: Կարծում եմ՝ առանց արտաքին ուժերի միջամտության այստեղ գործը գլուխ չի եկել։
Հայտնի է, որ 102-րդ ռազմաբազայում աշխատում են բազմաթիվ գյումրեցիներ, հայտնի է նաև, որ բազան հանելու հարցը արդիականացվելու է հունիսի 7-ի քվեարկության արդյունքներով ՔՊ-ի և Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում: Ակնհերև է, որ գյումրեցիները չեն ցանկանում զրկվել աշխատանքից, բայց շահարկել դա ընտրական գործընթացներին ռազմաբազայի «հիբրիդային միջամտության» համատեքստում, նշանակում է՝ սպասարկել արտաքին ուժերի շահերը, որոնց համար առաջիկա ընտրությունները լոկ հերթական քայլն են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ճանապարհին։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԸ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ՝ ՆՈՒՅՆՊԵՍ։ Նրանք պատրաստ են վճարել ՌԴ ռազմական ներկայությունը վարկաբեկող ցանկացած տեղեկության համար։ Ինչո՞ւ Իոաննիսյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչ կառույցներ են կանգնած ռազմական օբյեկտից «արժեքավոր տեղեկությունների» համար «պարգևավճարներ» տալու տեղական դիտորդական առաքելության պատրաստակամության հետևում։
Վերջին օրերին հեղինակավոր վերլուծաբաններից ոմանք զգուշավոր եզրահանգումներ են հրապարակում այն մասին, որ ռեժիմի քարոզչամեքենայի կողմից սերմանվող ռուսատյաց հիստերիայի նպատակը ընտրություններում պարտության դեպքում Փաշինյանի համար ինչ-որ ալիբի ստեղծելն է, որպեսզի նման դասավորության դեպքում Փաշինյանը կարողանա ասել եվրոպացի գործընկերներին, թե ընտրություններում պարտվել է Ռուսաստանի միջամտության պատճառով։
Իոաննիսյանը հեռուստաալիքի լսարանին լուսավորեց ՌԴ-ի «հիբրիդային միջամտության» նաև կոնկրետ օրինակներով։ Շիրակի մարզում ադրբեջանցիների ներկայությունն արձանագրած կադրերը կոչված են, ըստ նրա, խուճապ հարուցել ՀՀ տարածքում 300 հազար ադրբեջանցիների առաջիկա վերաբնակեցման կապակցությամբ, թեև կադրերում, ըստ նրա, ՌԴ-ից եկած ադրբեջանցիներ են:
Իոաննիսյանը պատմեց նաև, որ Մոլդովայում ընտրությունների նախաշեմին կտրուկ աճել էր բնակարանային գողությունների թիվը, իսկ ողջ պատճառն այն էր, որ ռուսական բանտերից ազատ էին արձակել Մոլդովայի տևական ժամկետներով դատապարտված քաղաքացիներին՝ այն պայմանով, որ նրանք բնակարանային գողություններ կատարեն Քիշնևում: Դատապարտյալները համաձայնել էին, քանի որ Մոլդովայում բնակարանային գողությունների համար նրանց ավելի կարճ պատժաժամկետ էր սպասվում, քան ՌԴ-ում։ Այսպես է Իոաննիսյանի կատարմամբ հնչում հունիսի 7-ի ընտրություններին ռուսական միջամտության թեմայով «հիբրիդային զառանցանքի» նմուշը, սակայն մտահոգում է ոչ թե զառանցանքը, այլ այն ակնարկները, թե դիտորդական առաքելությունն ինչ-որ «գաղտնի զենք» ունի հիբրիդային միջամտության դեմ:
Իոաննիսյանը չբացեց գաղտնիքը, սակայն խոսքը հաստատ «Նյուտոնի բինոմի» մասին չէ։ «Հիբրիդային գրոհներին» հակազդելու «գաղտնի» մեթոդներ են դառնալու, բացի պարգևավճարներից, սուտ մատնությունները, այլ կերպ ասած՝ զրպարտչագրերն ու Վրաստանում և Ուկրաինայում ավելի վաղ փորձարկված այլ մեթոդները։
