Логотип

ԱՆԱՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԾԵԼ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի դերի նվազեցմանը և այն անկախ պետությունից վերահսկվող տարածքի վերածելուն։ Այս մասին կուսակցության արտահերթ համագումարից հետո հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչության անդամ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմում կորուստը, Արցախի կորուստը, անվտանգության խոցելի համակարգը հարց է բարձրացնում՝ կարելի՞ է փրկել պետությունը, եթե այո, ապա ինչպե՞ս։ Անանյանի խոսքով, Իրան-Իսրայել և Իրան-ԱՄՆ սրացումը էներգետիկ հոսքերի, կապի և կապիտալի բաշխման փոփոխություն է։ Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանը դառնում է մրցակցության, ճնշման և վերահսկողության կենտրոն, հավելել է Անանյանը։

«Մեր անմիջական հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բարեկամական կամ նույնիսկ չեզոք քաղաքականություն չեն վարում»,- նշել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով, իրենց «միջանցքային» գաղափարները կոչված են նվազեցնելու Հայաստանի դերը և ձևավորելու մի համակարգ, որտեղ անկախ որոշումները կսահմանափակվեն, Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես անկախ սուբյեկտ, այլ որպես վերահսկվող տարածք։

Անանյանը հիշեցրեց, որ Վրաստանով անցնող ճանապարհի առանձնահատկություններից ելնելով Հայաստանի տնտեսության համար պարբերաբար ֆորսմաժորային իրավիճակներ են առաջանում։ Տնտեսությունը կախված է արտաքին մատակարարումներից, իսկ իշխանությունների նկարած թվերը համակարգ չեն դառնում, աճը չի դառնում հնարավորություն։

News.am