Логотип

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ԻՐ ԿՈՐՍՏՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես կարող է Անդրկովկասի հնագույն ժողովուրդը կանխել աղետը, զրուցեցինք ռուսաստանցի քաղաքագետ, պատմաբան, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ Մովսեսի ՄԻՀՐԱՆՅԱՆԻ հետ։

-8 տարի շարունակ Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագրի» գլուխ կանգնած: Այս ողջ ընթացքում նա իրեն չափազանց անհետևողական է պահել, և նրա գործողություններից դժվար է եզրակացնել, թե իրականում ինչի է ձգտում: Կարելի՞ է արդյոք քաղաքական և պետական վտանգավոր ճգնաժամ անվանել այն իրավիճակը, որին այսօր հանգել է երկիրը նրա կառավարման արդյունքում:

-Համամիտ չեմ, թե Փաշինյանն իրեն անհետևողական է պահել։ Նրան իշխանության բերեց փողոցի ամբոխը, և նա դրսևորեց իրեն որպես ծայրահեղ անբանիմաց, պետական կառավարման ոլորտում տարրական գիտելիքներ չունեցող և ստանալ չցանկացող մարդ։ Բայց նրա գործողություններում կա տրամաբանություն ու նպատակ, և դա տեսանելի է ցանկացած անաչառ դիտորդին: Փաշինյանը համակարգված կերպով զբաղվում է միայն մեկ գործով, իր անձնական բռնապետության ամրապնդմամբ։ Ամեն անգամ նա տարբեր կերպ է բացատրում դա. «ժողովուրդն է մեզ բերել, մենք փողոցից ենք, Ռուսաստանը մեզ դավաճանեց, Եվրոպան ու Ամերիկան մեզ կօգնեն»: Բայց այդ ամենը լոկ բառեր են: Իսկ իրականում պայքար է ընթանում բոլոր անկախ ինստիտուտների դեմ։

Երբ 2018-ին նա մեծամասնություն ստացավ խորհրդարանում, գործադիր և օրենսդիր իշխանություններն անմիջապես հայտնվեցին իր անձնական հսկողության տակ: Դատականը որոշ ժամանակ դիմադրում էր, ինչպես որ պետք է լինի նորմալ ժողովրդավարության պարագայում։ Բայց բառացիորեն կես տարի անց նա էլ տեղի տվեց։ Սահմանադրական դատարանը նույնպես չդիմացավ ճնշմանը։

Փաշինյանին դա բավական չէր։ Նա որոշեց թույլ չտալ, որ Հայաստանում գոյություն ունենա թեկուզ մեկ ինստիտուտ, որը կարող է դիմակայել իր բռնապետությանը։ Եվ որոշեց ոչնչացնել Եկեղեցու ինքնուրույնությունը։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու օրվանից ի վեր 1725 տարիների ընթացքում նման հալածանքներ ու ծաղր երբեք չի եղել։ Այսօր արքեպիսկոպոսներից մեկը բանտում է, երեքը՝ տնային կալանքի տակ, Կաթողիկոսին առընթեր Բարձրագույն եկեղեցական խորհրդի բոլոր անդամ-հոգևորականներին արգելված է դուրս գալ հանրապետությունից, կաշառելով և սպառնալով քահանաներին՝ իշխանությունները փորձում են պառակտել Եկեղեցին։ Եվ իր նախընտրական ծրագրում Փաշինյանն արդե բացահայտ գրում է, որ պետք է պաշտոնից հեռացնել Կաթողիկոսին, տեղապահ նշանակել և նոր ընտրություններ անցկացնել։ Այսինքն նա անթաքույց, լկտիաբար և անպատկառորեն փորձում է իր վերահսկողության տակ առնել Եկեղեցին, զրկել ինքնուրույնությունից։ Հաջորդ հարվածն ուղղվեց բիզնեսին։ Վերցնենք հենց միայն այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ։ Եվ հայկական Սփյուռքն էլ է Փաշինյանի համար սպառնալիք, քանզի կախված չէ իրենից։ Սփյուռքում փող կա, կազմակերպչական կառույց է։ Իսկ Փաշինյանն ուզում է մեկ մարդու տոտալ իշխանություն հաստատել Հայաստանի ներսում, որպեսզի ոչ ոք ծպտուն հանելու իրավունք անգամ չունենա։ Եվ գործի են դրվում պատմության վերաշարադրումը, խաբեությունը, ահաբեկումը, ցանկացած հրեշավոր հանցագործություն։ Հանուն դրա նա պատրաստ է հանձնել և ոտնատակ տալ ամեն ինչ. հայ ժողովրդի ավանդույթները, պատմությունը, ինքնանկախությունը։

Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի կարողացել համոզիչ և միավորող այլընտրանքի վերածել դժգոհությունն իշխանությունից: Այս ուղեգիծը կասեցնելու հասարակության իրական հնարավորություն կդառնան արդյոք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները, թե՞ քաղաքական համակարգն արդեն չափազանց թուլացած է։

-Բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս Փաշինյանի դեմ, ինչ-որ բան գրում կամ ասում, նստեցնում են կամ վարչական հետապնդման ենթարկում, քրեական գործեր հարուցում նրանց դեմ: Բայց այդուհանդերձ հույս է մնում, որ ճշմարտությունը տեսանելի է, որ բոլորն արդեն զզված են նրա իշխանությունից և նույնիսկ, չնայած ստին ու անազնիվ խաղին, կհաջողվի ընտրություններում հաղթել այս, ինչպես իրենք են ասում՝ «ժողովրդավարության բաստիոնին», որը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ։

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ աղետներ է ապրել։ Եվ, իհարկե, միշտ առկա է հույսը Աստծո, հրաշքի և ազգի բազմահազարամյա պատմության ընթացքում կուտակված կենսունակության նկատմամբ:

Ռազմավարական լուրջ սխա՞լ չէր արդյոք Ռուսաստանից անջրպետման Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը։ Եթե ներկայիս աշխարհաքաղաքական ուղեգիծը պահպանվի նաև ընտրություններից հետո, ինչո՞վ դա կարող է ավարտվել Հայաստանի համար առաջիկա տարիներին։

-Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն ահռելի նշանակություն ունի։ Թուրքիան, նրա արբանյակ Ադրբեջանը կյանքի են կոչում «Մեծ Թուրանի» գաղափարը։ ԱՄՆ-ը, Իսրայելը և ինչ-որ չափով Եվրոպան աջակցում են նրանց՝ ելնելով սեփական շահերից։ Թուրքիայի այս ռազմավարական տեսլականն է նախորոշում ապագային միտված նրա գործողությունները սերնդեսերունդ։ Հայաստանն այդ ծրագրերում կոչվում է պարզապես «Արևմտյան Ադրբեջան»։ Եվ այդ տարածքում բազմահազարամյա պատմություն ունեցող ոչ մի հայ պարզապես չկա։ Ծրագիրն իրականացվում է հետևողականորեն, և մենք տեսնում ենք, թե որքան արագ են ծավալվում իրադարձությունները: Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, և հիմա Ալիևը պահանջում է, որ 400-500 հազար ադրբեջանցիներ (թեև այդպիսի քանակ Խորհրդային Հայաստանում չի եղել) վերաբնակվեն երկրում։ Հետո՝ ավելին: Կարելի է ինչքան ասես շատախոսել, թե Հայաստանը համարում է, որ ունի 29,7 հազար քառակուսի կիլոմետր և իրեն այլևս ոչինչ պետք չէ։ Ադրբեջանը պահանջում է մի շարք շրջանների սահմանների վերաձևում և չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հաջորդ քայլը «Զանգեզուրի միջանցքն» է կամ «Թրամփի միջանցքը»։ Եթե դա դառնա Ադրբեջանի տարածք կամ կառավարվի ամերիկացիների կողմից, ապա Հայաստանը սահման չի ունենա Իրանի հետ, և թուրքական պարկը է՛լ ավելի կսեղմվի նրա շուրջ։ Չի կարելի մոռանալ նաև, որ եթե այս նախագծում, ինչպես ենթադրվում է, վերահսկիչ փաթեթը լինի ԱՄՆ-ի ձեռքում, ապա Հայաստանի ներկայիս տարածքը օրինական ռազմական թիրախ կդառնա Իրանի համար։

Թուրքիան իր կողմից պահանջում է հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար մոռանալ Ցեղասպանությունն ու բազմաթիիվ այլ հարցեր։ Այդ ամենը Փաշինյանը մեծ արագությամբ հանձնում է եվրոպական արժեքների մասին պատմությունների ներքո։

Կարելի է ենթադրել, որ առանց դրսից լուրջ աջակցության Հայաստանը որոշ ժամանակ անց կարող է պարզապես վերացվել որպես ինքնուրույն պետություն և համաշխարհային քաղաքականության սուբյեկտ։ Եվ ոչ ոք մի բառ անգամ չի ասի, ինչպես որ այսօր են լռում Ղարաբաղում էթնիկ զտումների մասին։ 150 հազար մարդու վտարեցին, միջազգային բոլոր կանոններով դա ցեղասպանության տարր է։ Բայց ոչ ոք մատը մատին չտվեց ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ Միացյալ Նահանգներում:

Ըստ էության, միակ երկիրը, որի շահերը ոչ թե բանավոր, այլ իրենց էությամբ համընկնում են Հայաստանի շահերի հետ, որն իրապես շահագրգռված է հայկական պետության պահպանմամբ, որպեսզի Հարավային Կովկասը ամբողջությամբ չհայտնվի թուրքական աշխարհի անբաժան գերիշխանության տակ, Ռուսաստանն է։ Որոշակի հույսեր կան, որ Հայաստանում նորմալ իշխանությունների կառավարման դեպքում Իրանն էլ կարող էր լուրջ օժանդակություն ցուցաբերել հայկական անկախ պետության պահպանմանը։ Սակայն ներկայիս ղեկավարությունը, որը մեծ ուշացումով ցավակցություն հայտնեց Իրանի առաջնորդի սպանության կապակցությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ նորմալ հարաբերություններ չլինեն:

Այսօր ՆԱՏՕ-ն փլուզվում է, Եվրամիությունը փլուզվում է, աշխարհում ընթանում են շատ խոր տեկտոնային փոփոխություններ։ Ուստի կողմնորոշման արմատական փոփոխությունը և վերջին դաշնակիցների կորուստը սպառնում է աղետալի հետևանքներով։ Փաշինյանը ոչ միայն հասավ բանակի, պետության և բոլոր ինստիտուտների թուլացմանը։ Նա իր քաղաքականությամբ տանում է դեպի հայկական ինքնության ոչնչացում։

Կա՞ արդյոք արտաքին շահագրգռվածություն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հարցում: Ո՞վ է փորձում ազդել դրանց արդյունքի վրա:

-Արևմուտքը բոլորովին էլ չի թաքցնում, որ ինքն ազդում է և պատրաստվում է ազդել Հայաստանի խորհրդարանի ձևավորման վրա։ Վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրապարակավ հայտարարեց, որ Փաշինյանն ընտրություններում վայելում է իր աջակցությունը, ինչը նշանակում է, որ նա Ամերիկայի թեկնածուն է:

Մինչ այդ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ 15 միլիոն եվրո կհատկացվի Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար: Իրականում այդ գումարներն ուղղվելու են Փաշինյանի առաջմղմանը։ Ավելին, նրանք պայմանավորվել են մայիսի սկզբին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Երևանում անցկացնել «ԵՄ-Հայաստան» գագաթնաժողով։ Գործնականում կասկածից վեր է, որ երեք օր շարունակ եվրոպական առաջնորդները քարոզելու են գործող ռեժիմի օգտին։

Որքան էլ Փաշինյանը խուսավարի ու խորամանկի, պատմի Պուտինի հետ իր լավ հարաբերությունների մասին, նա ԱՄՆ-ի և ԵՄ-ի թեկնածուն է։ Նրա խոսքերը արժեք չունեն: Իսկ այ նրա ձեռնարկած իրական գործողությունների հետևանքների մասին վերջերս հրապարակավ և շատ մանրամասն պատմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվրոպական շուկա անմտածված մուտքը կարող է փակել հայկական գյուղատնտեսական և այլ ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան, և դա մահացու հարված կհասցնի հայ գյուղացիության շահերին: Գյուղերի բնակիչներն ահռելի ֆինանսական կորուստներ կկրեն, և նրանց առջև հասակով մեկ կարող է ծառանալ այն հարցը, թե ինչ փողերով են կարողանալու մի կտոր հաց դնել սեղանին իրենց երեխաների համար, ինչպես են գոյատևելու: Չենք խոսում արդեն գազի գնի և Ռուսաստանից դրամական փոխանցումների մասին, որոնք Հայաստանում ահռելի թվով մարդկանց բարեկեցության հիմքն են։ Եվ սա սպառնալիք չէ Պուտինի կողմից, ինչպես կարող են մեկնաբանել փաշինյանական բաշիբոզուկ քարոզիչները։ Սա փաստերի սթափ և հայ ժողովրդի նկատմամբ շատ բարյացակամ արձանագրում է, պարզաբանում հայ ընտրողին, թե ինչի և ինչի միջև է ժողովուրդն ընտրություն կատարում։

Ո՞ր քաղաքական ուժերը կարող են հասնել նրան, որ ողջ այս գլորքը դեպի աղետ դադարի, և հայ հասարակության աջակցության ի՞նչ մակարդակ է պետք նրանց դրա համար:

-Հայ ժողովրդի մի ստվար հատված այսօր դիմակայում է Փաշինյանի հանցախմբին և հույս փայփայում հաղթել ընտրություններում, վերականգնել ավանդական կառուցողական, փոխադարձ հարգալից և փոխշահավետ հարաբերություններն իր ավանդական գործընկեր Ռուսաստանի հետ տնտեսության, գիտության, մշակույթի և անվտանգության ոլորտներում: Կարևոր է նաև նորմալ փոխգործակցությունը հարավային հարևանի հետ։ Հասկանալի է, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման և այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմական ֆորպոստի բացման մշտապես հնչեցվող ծրագրերը, հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը, դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհն են։

Իհարկե, չբացառելով Եվրոպայի և Ամերիկայի հետ հարաբերությունները, անհրաժեշտ է սեփական գերակայությունների հաշվառում և ըմբռնում, թե որ ուղղությամբ ու ինչպես է պետք զարգանալ՝ պահպանելու համար հայկական պետականությունը գոնե այն տեսքով, ինչպիսին այն այսօր գոյություն ունի Հարավային Կովկասում:

Հարցազրույցից առաջ ես հատուկ զանգահարեցի Հայաստան և իմացա սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները։ Արևմտյան մասնագետների կատարած հարցումների արդյունքներով՝ գաղափարական տոտալ մշակման պայմաններում Փաշինյանի կուսակցության վարկանիշն այսօրվա դրությամբ 24% է։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» ունի 14 %։ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը 9% Է: «Հայաստան» դաշինքն ունի ձայների 5%։ Եթե նույնիսկ այսպես կոպիտ հաշվարկենք այն, ինչ ներկայացնում են այսօր ամերիկյան սոցիոլոգիական ծառայությունները, ապա քաղաքական երեք ուժերն ունեն 28%։ Իսկ Փաշինյանը՝ 24%, և կարևոր է, որ չլինի իր և ցանկացած այլ կուսակցությանն աջակցության աճ, որին նա կարող է իր կողմը գրավել։

Այդժամ խելամիտ քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, գալով խորհրդարան, կկարողանան միավորվել և ձևավորել նոր իշխանություն։ Ի դեպ, Գյումրիում՝ հանրապետության երկրորդ մեծ քաղաքում ընդդիմադիր երեք կուսակցություններն առանձին-առանձին անցան, իսկ հետո միավորվեցին։ Այսօր այդ կերպ ընտրված քաղաքապետին նույնպես շինծու պատրվակով նստեցրել են։ Իհարկե, կամայականության դեմ դժվար է ինչ-որ բան անել, բայց այդպիսի հնարավորություն կա։

Խաղաքարտին է դրված հայ ժողովրդի և պետության կյանքի կամ անհետացման հարցը։ Եվ վիթխարի պատասխանատվություն են կրում բոլոր նրանք, ովքեր քվեարկում են, ովքեր պաշտպանում են ընտրությունների օրինական ու արդար ընթացակարգը, ովքեր պայքարում են Հայաստանի շահերի համար կործանարար արևմտյան ազդեցության դեմ։

2018 թվականի ապրիլին իմ բանավոր ու գրավոր ելույթներում զգուշացնում էի, որ փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը: Բոլոր այս 8 տարիներին հենց դա էր տեղի ունենում։ Այսօր Հայաստանը անդունդի կիպ եզրին է։ Եթե Փաշինյանին չկասեցնեն, ապա դա կարող է հանգեցնել իրենց դարավոր պատմության ընթացքում հայերի արած ամենի ոչնչացմանը։ Հետո չասեք, թե Ձեզ չէին զգուշացրել: Հայաստանի ժողովուրդը պետք է ասի իր խոսքը։