Բաքվում շարունակում են զոհի դեր խաղալ Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո: Չնայած տեղի ունեցածի անմիանշանակությանը և Թեհրանի բազմակի հավաստիացումներին, որ Իրանը կապ չունի ԱՕԹՍ-ի գրոհի հետ, գործի են դրվել քարոզչական բոլոր միջոցները՝ միջազգային հնարավորինս մեծ շահաբաժիններ ստանալու նպատակով։ Քաղաքական այս բազմաշերտ ներկայացման մեջ, որը ռազմաքաղաքական շատ վտանգավոր հետևանքներով է սպառնում ողջ տարածաշրջանին, միանգամայն սպասելիորեն տեղ գտեց նաև Հայաստանի իշխանությունների համար:
ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ–Ը «ԱՆԿԵՂԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ բոլոր այն երկրներին, որոնք աջակցություն են հայտնել Բաքվին՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակման առնչությամբ»: «Շնորհակալություն ենք հայտնում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս պահին կանգնած են Ադրբեջանի կողքին»,- ասված էր համապատասխան երկրների դրոշներով նկարազարդված հայտարարության մեջ: «Իրանի հարձակման առնչությամբ Ադրբեջանին աջակցություն հայտնած» պետությունների շարքում վերջինը հայկական եռագույնն էր։
Նախօրեին Արաբատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկերների՝ Բայրամովի և Ֆիդանի հետ։ Պետք է ենթադրել, որ թշնամական երկու երկրների հետ Հայաստանի իշխանությունների շփումներն ու համագործակցությունը անցել են ինտենսիվության և փոխգործակցության նոր մակարդակի, և մեզ արդեն վարժեցնում են այն բանին, թե նման զանգերի մեջ ոչ մի տարօրինակ ու արտասովոր բան չկա. իբր՝ հարևաններ, խաղաղություն, ֆլան-ֆստան։
Սակայն տվյալ դեպքում հետաքրքիր է մեկ այլ բան. Բայրամովի հետ զրույցի մասին Միրզոյանի գերատեսչության էջում հրապարակված և ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրության մեջ աջակցության մասին ոչ մի բառ չկա։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության, «կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»: Ինչպես նաև «գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։
Պե՞տք է արդյոք ենթադրել, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի թվում էր նաև Հայաստանի աջակցությունը Բաքվին՝ միջադեպի և Իրանի դեմ ուղղված գործողությունների հարցում: Ճիշտ չե՞ն հաշվարկել. ինչը կասկածելի է նույնիսկ այս դիլետանտների պարագայում։ Թե՞ հատուկ արել են դա, որպեսզի հաճոյանան իրենց տերերին՝ թուրքերին ու ամերիկացիներին, ինչը շատ ավելի հավանական է թվում։
Մեծ հաշվով հնարավոր է երկու տարբերակ. կա՛մ ԱԳՆ մամլո ծառայությունը «համեստորեն» լռել է Արաբատին հայտնած աջակցության մասին՝ տրամաբանորեն եզրակացնելով, որ դա կառաջացնի հայ հասարակության վրդովմունքը, ինչպես նաև՝ Թեհրանի բացասական արձագանքը։ Կա՛մ զրույցի ընթացքում ոչ մի բառ այնուամենայնիվ չի եղել աջակցության մասին, և Բայրամովի ԱԳՆ-ը պարզապես ստել է, տհաճ դրության մեջ դնելով «սիրելի գործընկերոջը»՝ հեռուն գնացող նպատակներով։ Որոնցից գլխավորը. հարուցել Իրանի դժգոհությունը Թեհրանի կողմից ամեն կերպ ժխտվող միջադեպի հարցում Ադրբեջանին Հայաստանի «աջակցության» առիթով։
ԻՆՉԵՎԷ, ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՐԵՎԷ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ, ԱՌԱՎԵԼԵՎՍ ՀԵՐՔՈՒՄ, բնականաբար, չհաջորդեց։ Եվ հայ հասարակությունն այդպես էլ մնաց տարակուսած՝ փորձելով գուշակել, թե արդյոք Միրզոյանը, իսկ հանձին նրա՝ Հայաստանի կառավարությունը, աջակցություն է հայտնել Բայրամովին, իսկ հանձին նրա՝ Ադրբեջանին։ Այն էլ Իրանի համար շատ զգայուն համատեքստում։
Հարցի մյուս՝ բարոյական կողմի մասին խոսելը տվյալ դեպքում շատ դժվար է։ Քանզի փաշինյանական ոհմակի բոլոր գործողությունները վաղուց անցել են հնարավոր ու անհնար բոլոր կարմիր գծերը ահաբեկչական պետգոյացության նկատմամբ, որն ընդամենը երկուսուկես տարի առաջ էթնիկ զտումներ և ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի մի մասի նկատմամբ ու բռնազավթել Արցախը, իսկ այնուհետ՝ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Աշխարհում կգտնվի՞ մեկ այլ կառավարություն, որն այդքան հեշտությամբ մոռանում է պատմական աղետն ու սեփական (?) ժողովրդի ահավոր ողբերգությունը և գործնականում եղբայրանում նրանց հետ, ովքեր դեռ երեկ շրջափակել, պաշարել, ցրտի ու սովի են դատապարտել, ֆոսֆորային արկեր գցել, ոչնչացրել սրբավայրերը, ցուցադրաբար ու ամենադաժան ձևերով սպանել են կանանց, երեխաներին, ծերերին, տեսախցիկի առջև խոշտանգել ու գնդակահարել ռազմագերիներին, թե՛ նախկինում և թե՛ այսօր ձգտելով արմատախիլ անել հայկական հետքը հայոց հողում։
Կգտնվի՞ արդյոք աշխարհում մեկ այլ իշխանություն, որը հանուն սեփական վերարտադրության և անձնական հարստացման պատրաստ է ոչ միայն մոռանալ ու լռության մատնել սեփական (?) ժողովրդի դեմ կատարված անհամար ոճրագործությունները, այլև աջակցություն հայտնել այն պետությանը և այն դահիճներին, որոնք արել են այդ ամենը։
