Логотип

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ

Երկու օր շարունակ Փաշինյանը բառացիորեն տեռորի էր ենթարկում Հայաստանի ժողովրդին՝ զազրելի հայտարարությունների ու ստոր ստերի իսկական տարափ տեղալով քաղաքացիների գլխին։ Սկզբում դա արվեց Եվրախորհրդարանում, այնուհետ՝ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ընդ որում Ստրասբուրգում նրա ելույթն աննախադեպ էր Եվրոպական ամբիոնի համար՝ այն առումով, թե որքան կոպտորեն էին դրա մեջ ոտնահարվում ոչ միայն միջազգային իրավունքը՝ Արցախի համատեքստում, այլև հայկական պետության ազգային շահերը։ Ստախոսության մասշտաբների մասին ընդհանրապես լռենք։

ԻՍԿ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԵՎ ՀՐՃՎԱԾ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ: Դժվար է ասել, թե Նիկոլի ճառից այդ ինչն այդպես դիպավ նրանց հոգու լարերին, բայց հրճվանքն ակնհայտ էր։ Ինչպես որ ակնհայտ էր աղաղակող անտեղյակությունը տարածաշրջանային իրողություններից ու տգիտությունը։ Գումարած՝ ի աջակցոություն Արցախի ժողովրդի վերջին տարիներին ընդունված միանգամից մի քանի բանաձևերում արտահայտած սեփական դիրքորոշման լիակատար անտեսումը։

Օրինակ, 2023 թվականի հունվարի 19-ին ընդունված բանաձևը խոր տագնապ էր բովանդակում շրջափակված Արցախում տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Իսկ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Հայրենիքից արցախցիների գաղթի ողբերգական օրերին, եվրախորհրդարանականները հայտարարեցին ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին՝ Արցախում հրադադարի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար։

Հիշենք նաև ԵԽ 2024 թվականի փետրվարի 28-ի տարեկան զեկույցը, որում ընդգծված էր Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև 2024 թվականի հոկտեմբերի 24-ի բանաձևը, որով Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին անում Բաքվին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, «համընդգրկուն և թափանցիկ երկխոսություն» սկսել նրա հետ և երաշխավորել բոլոր իրավունքների պաշտպանությունը։

Ի վերջո, հիշենք 2025 թվականի մարտի 13-ի բանաձևը, որով ԵԽ-ն դատապարտեց Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները հայերի դեմ, ինչպես նաև կոչ արեց Միջազգային քրեական դատարանին «հետաքննել բռնի տեղահանությունները, հետապնդումները և էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ»։

Ուղիղ մեկ տարի անց նույն այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձևերին, ծափահարություններով են ընդունում Հայաստանը ներկայացնող այն մարդու ճառը, որը կտրականապես մերժում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, մի բառ անգամ չի ասում էթնիկ զտումների և ցեղասպանության մասին, ծպտուն չի հանում ի պաշտպանություն Ադրբեջանում հայ գերիների և չի հիշատակում Արցախի հայկական հուշարձանները Բաքվի վանդալիզմից պաշտպանելու անհրաժեշտության մասին։

Ավելին, պարոնայք եվրապատգամավորները որպես կատարյալ ճշմարտություն են ընդունում Փաշինյանի բացահայտ սուտը Հայ Եկեղեցու մասին, թեև կան կրոնական և հասարակական բազմաթիվ կազմակերպությունների և հայտնի գործիչների, այդ թվում՝ միջազգային զեկույցներ ու հայտարարություններ, որոնք բացահայտում են Հայ Առաքելական Եկեղեցու վրա ՀՀ գործող իշխանությունների հարձակման իրական էությունն ու անօրինականությունը։

ԱՅՍ ԱՄԵՆՆ, ԻՀԱՐԿԵ, ՆՈՂԿԱԼԻ Է ԵՎ ՑԻՆԻԿ, ԲԱՅՑԵվ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ. ժամանակակից քաղաքականությունը գերազանցել է բոլոր ռեկորդները երկակի չափանիշների և միջազգային իրավունքի նորմերի զանգվածային ոտնահարման մասով՝ ի նպաստ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի։ Եվ այս իմաստով Փաշինյանը, ինչպես ոչ այլ ոք, բոլոր բնութագրիչներով համապատասխանում է նրանց, ովքեր ծափերով ողջունեցին երկրի ղեկավարին, որը հրապարակավ խոստովանում է, որ ծառայում է թշնամի երկրի շահերին՝ ի վնաս սեփական երկրի։

Բայց այդ ծափահարությունների մեջ կար էլի մի բան՝ արդեն հավանականորեն խիստ վտանգավոր Հայաստանի համար։

Այն եռանդն ու անհոգությունը, որով Նիկոլը հանդես եկավ Ստրասբուրգում, ինքնավստահության և ցինիզմի այն ամենաբարձր աստիճանը, որ նա ցուցաբերեց հաջորդ օրը Երևանում, տալիս են բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ նրան տրվել են մոտ ապագայում բացարձակ աջակցության ամուր երաշխիքներ։ Եվրամիության առաջնորդները՝ ի դեմս Եվրախորհրդարանի ղեկավարության և պատգամավորների, ամենայն հավանականությամբ հավաստիացրել են Նիկոլին, որ ապրիորի աջակցում են ընտրություններում վերարտադրվելու ճանապարհին նրա ձեռնարկած ցանկացած քայլին և գործողությանը։

Օկուպացիոն ռեժիմի պարագլխին քարտ-բլանշ է տրված ամեն ինչի համար. քաղաքական բռնաճնշումների ուժգնացում ապօրինի և հակաժողովրդավարական միջոցների ամենալայն զինանոցի կիրառմամբ, քաոսի և հանցավորության սանձազերծում ամբողջ երկրում՝ ընդդիմադիրների և ժողովրդի դեմ պայքարում քրեական տարրերի օգտագործումով, ոստիկանական սանձարձակություն և Եկեղեցու դեմ գրոհի շարունակում։ Ավելին, հավանություն է տրված հետընտրական շրջանում դժգոհության և բողոքի ցանկացած դրսևորումների ճնշման ամենակոշտ մեթոդներին, այդ թվում՝ բանակի օգտագործմանն ու քաղաքացիական պատերազմի սանձազերծմանը։

Եվ կարելի է չկասկածել. եթե Նիկոլը, սպառելով ներքին միջոցները, բացի սահմանը թուրքական հատուկջոկատայինների համար և նույնիսկ հայտարարի պետությունը թուրքական ենթակայության հանձնելու մասին, Եվրամիությանը դա էլ կգոհացնի։ Ստրասբուրգում նրան բացահայտ ասել են. արա ինչ ուզում ես, մենք կլռենք, ամեն ինչում կօգնենք քեզ, կաջակցենք, ավելի շատ փող կտանք և լեգիտիմ ու ժողովրդավարական կճանաչենք քո իշխանությունը։ Միայն թե մնա իշխանության ղեկին, դու դեռ պետք ես մեզ։

Ի ԴԵՊ, ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԵՐԵԿՎԱ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ՔՈՂԱՐԿՎԱԾ ԿԵՐՊՈՎ ԱՍԱՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆՀԱՅՏ ՄՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ (պետք է ենթադրել, որ այնտեղ դեռ մնացել են սթափ դատող մարդիկ)։ Եվ հավելեց, որ հնարավոր է՝ Փաշինյանին անհիմն խոստումներ են տրվել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, ինչն էլ արտացոլվում է նրա հայտարարություններում։

Անանուն պատգամավորի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, Եվրամիությանը Հայաստանի առասպելական անդամակցումը Փաշինյանին այնքան էլ չի հետաքրքրում. նա հաստատ հասկանում է այդ գործընթացի առնվազն տևականությունը, եթե ոչ անհնարինությունը։

Նրան հետաքրքրում է միմիայն մեկ բան. սեփական իշխանության և անձեռնմխելիության պահպանումը։ Նրան պետք էր երաշխիքներ ստանալ եվրոպացիներից, որ իշխանություններին կթույլատրվի և կներվի ամեն ինչ անխտիր։ Որ ոչ ոք իրեն չի դատապարտի կեղծիքների և խախտումների, ուժի կիրառման ու բռնաճնշումների համար, որ իր «հաղթանակը» կճանաչեն որպես մաքուր ու թափանցիկ, իսկ իրեն՝ մեծ ժողովրդավար։

Դատելով ամենից, Նիկոլն այդ երաշխիքները ստացել է։ Ու որոշել, որ այսուհետ, գրպանում ունենալով Արևմուտքի անվերապահ աջակցությունը, կարող է վա-բանկ գնալ ու անտեսել հայ ընտրողին։ Ամեն տեսակի հարցումները, վարկանիշներն ու ժողովրդի կարծիքը նրան այլևս հետաքրքիր չեն, որովհետև ընտրություններ, որպես այդպիսին, փաստացի չեն լինելու։

Լինելու է թուրքերի դեմ հայերի կենաց ու մահու կռիվ երկու կողմից. Նիկոլը շատ լավ հասկանում է, թե ինչով է սպառնում իրեն պարտությունը, իսկ հայ ժողովուրդը մեծամասամբ գիտակցում է. ՔՊ-ի «հաղթանակի» դեպքում Հայաստանը կորսվելու է։