«Դատարանի կայացրած որոշումը ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն է»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի մեկ ամիս ժամկետով երկարաձգման մասին։
«Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, եթե չասեմ ընդհանրապես խաթարման ռիսկ, որովհետև պատկերացրեք՝ մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը քարոզարշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է։ Բայց մյուս կողմից ունենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահին, որը ինը ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը, թե տնային կալանքը, դրանք երկուսն էլ կալանք են»,–նշեց փաստաբանը։
Վարդևանյանը նաև նշեց, որ դատական նիստի ընթացքում բարձրացրել է հարցը՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանը կարող է ուղիղ հեռարձակմամբ տեսաուղերձ հղել, ինչպես պնդում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն քննիչի կողմից դրական պատասխան չի ստացել։
Փաստաբանն ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում նախընտրական ցուցակների կազման փուլում։
Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։
News.am
