Логотип

ԱՄԷ-ում ասել են, թե ինչի հետ է կապված ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշումը

ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումն անմիջականորեն կապված է նաև լցանավերի անցման համար Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետ, ինչով սահմանափակվել է նավթի մատակարարումը շուկա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուխեյլ Ալ-Մազրուին։

Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը նախօրեին հայտնել էր, որ ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ – ից:

«Եթե նայենք առաջարկի և պահանջարկի բալանսին, աշխարհում տիրող իրավիճակին, որտեղ գործում են սահմանափակումներ և փակ է Հորմուզի նեղուցը, ապա այդ գործոնները սահմանափակում են հում նավթի և վերջնական արտադրանքի հոսքը Պարսից ծոցից։ Այս իրավիճակում անհրաժեշտ է գործել և կիրառել նախորդներից տարբերվող ռազմավարություններ», – CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ալ Մազրուին։

Նախարարը նաև նշել է, որ ԱՄԷ-ն չի կարող և չի ցանկանում կարճ ժամկետով՝ «վաղը», ավելացնել նավթի արդյունահանումը, քանի որ, ինչպես Պարսից ծոցի մյուս երկրները, Հորմուզի նեղուցի փակման պատճառով բախվում են նույն սահմանափակումներին:

«Գոյություն ունի սահմանափակում և ռիսկ, որին պետք է ուշադրություն դարձնի ամբողջ աշխարհը, և դա Հորմուզի նեղուցի փակումն է։ Այն պետք է բացվի, անհրաժեշտ է ապահովել նավերի ազատ տեղաշարժը», – ընդգծել է նա։

Sputnik Արմենիա