Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Հացադուլ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։ Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները` 30 տարվա զինվորականը, որը թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված հացադուլ է անում»,– նշում է Հովսեփյանը։
Նա ընդգծում է` իրավապահների տարածած ձայնագրություններում որևէ խոսք չկա ընտրակաշառքի մասին, այնտեղ խոսքը ընդամենը հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին է։
«Եվ սա այն ամբողջ ծրագիրն է, որի մասին, որ խոսում է մեր կուսակցությունը, խոսում են նաև այլ տարբեր կուսակցություններ, տարբեր խոստումներ են տալիս, բայց կալանավորվում է պատերազմի հերոսը։ Ես ասել էի մի անգամ, որ Փաշինյանն ունի շատ լուրջ բարդույթներ պատերազմի հերոսների, ուժեղ տղամարդկանց, հաղթանակած տղամարդկանց նկատմամբ։ Եվ դրա վառ դրսևորումն է այսօր Ավանեսյանի` բանտում գտնվելը, Սամվել Կարապետյանի` ամիսներ շարունակ բանտում գտնվելը, մեր մյուս քաղբանտարկյալների բանտում գտնվելը»,– նշում է Հովսեփյանը։
Sputnik Արմենիա
