«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «ՀայաՔվե» միավորումը։
Նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցութան նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:
«Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Դրանով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» միասին են իրականացնելու նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից։ Նրանք նաև համատեղ են իրականացնելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Sputnik Արմենիա
