Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և Արաբական Միացյալ Էմիրությունների հասցեին. գրում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը։
«Ադրբեջանն Ալիևի կառավարման շրջանում հենվում էր երկրի կառավարման լուրջ ռացիոնալության և կշռադատված տարածաշրջանային փոխգործակցության վրա։ Քանի որ նա Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ էր և ՊԱԿ-ի (КГБ) աշխատակից, հասկանում էր, թե ինչպես կառավարել պետությունը։ Հիմա նա նույնպես զբաղվում էր որոշ գործերով, որոնց վրա չեմ ուզում կանգ առնել։
Նրա կառավարման սկզբում նրա դեմ փաստաթղթեր էին պատրաստել նրանք, ովքեր նրա համար պայմաններ էին ստեղծել։ Այնուհետև նրա վրա սկսեցին ճնշում գործադրել, և խնդիրներից խուսափելու համար նա ստիպված եղավ համագործակցել նրանց հետ։ Երբ երկիրը փոխգործակցում է ներքին ուժերի կամ ռեժիմների հետ, դա մեզ քիչ է վերաբերում։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեր հարևանությանը, դա արդեն մեզ վերաբերում է։
Որտեղի՞ց էին թռչում սիոնիստական ռեժիմի ինքնաթիռները և թռչում մեր վրայով։ Կամ հարվածներ հասցնում Իրանի հյուսիսին՝ Գիլանին և Մազանդարանին։ Ըստ փորձագետների՝ նրանք օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը։ Ռազմական մասնագետներն ասում են, որ վերալիցքավորումը նույնպես իրականացվել է Ադրբեջանի օդանավակայաններում։ Սրանք շատ լուրջ հարցեր են։
Մենք միանշանակ ցանկանում ենք բարիդրացիական և եղբայրական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Պարոն Իլհամ Ալիևը գիտի, թե ինչպիսի համագործակցություն է իրականացրել նրա հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես արտգործնախարար իմ պաշտոնավարման հինգ-վեց տարվա ընթացքում։ Երբ տարածաշրջանում ուժեղացավ ԴԱԻՇ-ի ծայրահեղականությունը, և պարոն Ալիևն անհանգստություն էր հայտնում, նա գիտի՝ինչ խորհրդակցություններ ենք մենք անցկացրել։
Երբեմն ասում են, թե որոշ բաների հավանականությունը ցածր է, բայց ծանր հետևանքների պատճառով հարցը լրջանում է։ Եթե սա ասվում է իրազեկ ռազմական փորձագետների կարծիքի մակարդակով, ապա Ադրբեջանը պետք է դա հերքի՝ նրա տեխնիկական և ռազմական կառույցներն ու իրավասու մասնագետները։
Մյուս հարցը տեղեկություններն են այն մասին, որ Բաքվում սիոնիստական ռեժիմի դեսպանատունը Իրանի դեմ լրտեսության կենտրոն է։ Այսինքն՝ այնտեղ փորձում են հավաքագրել որոշ իրանցի զբոսաշրջիկների։ Այն լրտեսները, որոնց մենք հիմա բացահայտում ենք, որտե՞ղ են հավաքագրվել։ Աբու Դաբիո՞ւմ, Ադրբեջանո՞ւմ, թե՞ այլ երկրներում, որոնց վերաբերյալ մեր մարմիններն ունեն ճշգրիտ տվյալներ։
Արդեն տեսանք մեր երկրի նկատմամբ նման մոտեցման կործանարար հետևանքները այս պատերազմի ընթացքում։ Էմիրությունները վերածվել է ոչ միայն իրանական էլիտայի տնտեսական գործունեության վայրի, այլև այլ հետախուզական ծառայությունների կապերի հաստատման և աշխատանքի հարթակի։ Իրանցիների համար այնտեղ դարձել է յուրօրինակ «որսատեղի», և այս կապակցությամբ բազմաթիվ դոսյեներ կան։ Այս ամենն անհրաժեշտ է պարզաբանել։
Եվս մեկ տարածաշրջանային հարց՝ բազաները։ Պարսից ծոցի երկրներում կան բազաներ, Իրաքում կան բազաներ, և այնտեղից մենք վնասներ ենք կրել։ Իրաքի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանում, երկար տարիներ հավաքվել են իրանական ընդդիմադիր ուժերը։ Ֆրանսիան նրանց սովորեցնում էր անջատողականություն՝ ինչպես մասնատել Իրանը։ Ամերիկան նրանց կազմակերպում էր։ Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մոխթեդին և այլ դավաճաններ ու ահաբեկիչներ՝ այդ կուսակցությունների ղեկավարները, Վաշինգտոնում իրենց ծրագրերը համակարգում էին ԿՀՎ-ի հետ։
Մենք պետք է հստակ սահմանենք այս բազաների և այդ ահաբեկչական տարրերի կարգավիճակը։ Այդ բազաների հարցը մենք այստեղ մատնանշել ենք»,- նախկին արտգործնախարարի խոսքերը մեջբերել է Իրանի ալիքը։
News.am
