Ալիևի նախկին փեսայի ընկերությունը բռնազավթված Արցախում ստացել է 20 միլիոն դոլարի շինարարական պայմանագիր, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ղարաբաղյան տարածաշրջանում վերականգնման և շինարարության ծառայության հայտարարած տենդերում հաղթող է ճանաչվել «Sea Breeze Construction» ՍՊԸ-ն, որը պատկանում է Ադրբեջանի նախագահի նախկին փեսային՝ գործարար և երգիչ Էմին Ագալարովին։
Էմին Ագալարովը նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։ Նրա «Sea Breeze» նախագիծը, որը սկսվել էր որպես մերձափնյա հանգստի գոտի, այժմ վերածվել է մասշտաբային բնակելի համալիրի։ Սա առաջին դեպքն է, երբ Ագալարովի հետ կապված ընկերությունը նման խոշոր պետական պատվեր է ստանում բռնազավթված Արցախում իրականացվող վերակառուցման ծրագրերի շրջանակներում։
Հետաքննող լրագրողները բազմիցս նշել են, որ արցախյան նախագծերում հիմնականում ներգրավված են իշխող ընտանիքի կամ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ։ Իլհամ Ալիևը նախկինում հաստատել էր իր հարազատների մասնակցությունը երկրի բիզնես նախագծերին՝ դա անվանելով օրինաչափ երևույթ։
Տնտեսական փորձագետները մտահոգություն են հայտնում, որ խոշոր պայմանագրերի բաշխումը իշխանությանը մոտ կանգնած անձանց սահմանափակ շրջանակի միջև սպանում է մրցակցային միջավայրը։ Մասնագետների պնդմամբ՝ նման գործարքներն ուժեղացնում են շահերի բախման վերաբերյալ կասկածները և հարցականի տակ դնում պետական միջոցների ծախսման թափանցիկությունը։
News.am
