Логотип

Մայիսմեկյան ցույցեր Թուրքիայում. Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հարյուրավոր մարդկանց է ձերբակալել, որոնք մասնակցել են այսօր անցկացված ցույցերին:

Քաղաքացիները փորձել են ներխուժել ոստիկանության կողմից շրջափակված Տաքսիմ հրապարակ։ Ուժայինները խոչընդոտել են նրանց՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 350 մարդ։

Ստամբուլի Տաքսիմ հրապարակում մայիսմեկյան առաջին զանգվածային երթը տեղի է ունեցել 1976 թվականին և կազմակերպվել է արհմիությունների կողմից: Մեկ տարի անց անցկացված ցույցի ժամանակ սպանվել է ավելի քան 30 մարդ։ Անհայտ անձինք նրանց ուղղությամբ կրակ են բացել հարևան շենքերից, իսկ ներկաներից մի քանիսը զոհվել են հրապարակում առաջացած հրմշտոցի պատճառով: Հանցագործներից ոչ մեկը այդպես էլ չի ձերբակալվել։ Այդ ժամանակից ի վեր հրապարակը փակվել է հավաքների և հանրահավաքների համար։ Այն վերաբացվել է 2000-ին, սակայն 2013-ին տոներին դրա հասանելիությունը կրկին արգելվել է։

Sputnik Արմենիա