Логотип

Նարեկ Կարապետյան. Նույն անձը երրորդ անգամ չի կարող լինել Հայաստանի վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի պատմության վերջին ութ տարիները ամենափայլուն շրջանը չեն եղել։ Այս մասին մայիսի 1-ին Արտաշատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա՝ հավելելով, որ սա ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ ուղիղ անհարգալից վերաբերմունք է։ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ պետք է վարչապետ ունենա, սակայն նույն անձը երրորդ անգամ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը։ Հատկապես եթե ժամանակին հենց ինքն է գլխավորել ժողովրդական դժգոհությունը հենց այդ հարցի շուրջ։ «Վերջին 8 տարիները երկրի համար ամենափայլուն շրջանը չեն եղել»,- հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ դա ասում է ամբողջ հարգանքով այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխատել են այդ ընթացքում։ «Չենք կարող ասել, որ դա ծաղկուն շրջան էր։ Դա ծանր շրջան էր»,- արձանագրել է Կարապետյանը՝ հավելելով, որ եկել է ժամանակը բաժանվելու տեղի ունեցածի պատասխանատուներից մեկից։

Պատասխանելով ընտրողներին կաշառելու վերաբերյալ հարցին՝ Կարապետյանն ընդգծել է, որ դրան վերաբերվում է խիստ բացասաբար։ Որպես օրինակ՝ նա նշել է ՀԷՑ ղեկավարության գործունեությունը՝ պարգևավճարներ ընտրությունների նախօրեին և աշխատանքի ընդունումներ։

News.am