ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել արցախցիների մասնակցությունը հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ վերջին ամիսներին արցախցիներին անձնագրեր տրամադրելու գործընթացում արհեստական քաշքշուկներ և ձգձգումներ են առաջանում։
Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությանն ենթակա անձնագրային ծառայությունները թիրախավորված կերպով ձգձգում են փաստաթղթերի տրամադրումը, որպեսզի հնարավորինս քիչ արցախցի կարողանա մասնակցել քվեարկությանը։
Ըստ պարբերականի՝ նման քաղաքականության հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։
Թերթը, որպես օրինակ, բերվում է քաղաքացիներից մեկի դեպքը, ով 4 ամիս առաջ է դիմել անձնագրային բաժին, սակայն փաստաթուղթն ստանալու օր է նշանակվել հունիսի 10-ը՝ ընտրություններից 3 օր անց։
Ապրիլի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2025 թվականին 25 670 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որոնցից 19 367-ն Արցախից տեղահանված անձինք են։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 36 676 տեղահանված ձեռք էր բերել ՀՀ քաղաքացիություն՝ մի մասն անձնագրավորման, մյուս մասը՝ նախագահի հրամանագրով։ Տեղահանված անչափահասները, ընդհանուր առմամբ, 28 000-ն են, որոնցից 12 000-ն անձնագրավորման տարբերակով ստացել են ՀՀ քաղաքացիություն։
Armenia Today
