Логотип

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը ԵԽ-ի հետ, բայց գազը Եվրոպային մատակարարվում է նախատեսվածի պես

Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Մի կողմից՝ սա ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման մասին լուրերի երկար շղթայի մի մասն է, մյուս կողմից՝ Ադրբեջանն ինչպես վաճառում էր գազը Եվրոպային, այնպես էլ վաճառում է, և նույնիսկ ավելի շատ։ Դրա մասին գրում է BBC-ն։

«Միլի Մեջլիսի համագործակցության բոլոր ուղղությունները Եվրոպական խորհրդարանի հետ կասեցվում են։ Նաև դադարեցվում է խորհրդարանի մասնակցությունը Եվրոպական միություն – Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի խորհրդարանը գործընթաց է սկսել ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի երկրների միջև Արևելյան գործընկերության խորհրդարանական կազմակերպությունից երկրի դուրս գալու ուղղությամբ։

Ադրբեջանցի պատգամավորները Եվրախորհրդարանին մեղադրում են վերջին 10 տարվա ընթացքում «հակաադրբեջանական» բանաձևեր ընդունելու մեջ։

Եվրոպական միության խորհրդարանն իսկապես ընդունել է բանաձևեր, որոնք վերաբերում էին ինչպես արցախահայության, այնպես էլ ադրբեջանցիների իրավունքների պահպանմանը, նույնիսկ Եվրահանձնաժողովից պահանջել է հրաժարվել ադրբեջանական գազից և անձնական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների համակարգված խախտումների պատճառով։

Սակայն Ադրբեջանում ավանդաբար շեշտը դնում են հենց հայերի հետ կապված հարցերի վրա։ Նախօրեին՝ ապրիլի 30-ին, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որտեղից նրանք զանգվածաբար փախել են 2023 թվականին։ Բանաձևի ընդունումից հետո Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։

Ղարաբաղյան հակամարտության մասին թե՛ իշխանություններին ենթակա մամուլը, թե՛ երկրի ղեկավարությունը խոսում են այն ժամանակ, երբ քննադատում են Եվրոպայի խորհուրդը։ Ադրբեջանը դեռևս անդամակցում է այդ կազմակերպությանը, սակայն պարբերաբար սպառնում է դուրս գալ։

Գարնան սկզբին Եվրոպայի խորհուրդը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Ադրբեջանը դադարել է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները։

Դա գաղտնիք չէր. դեռ մեկ տարի առաջ նախագահ Իլհամ Ալիևն ինքն էր ասում, որ Ադրբեջանն այլևս չի ճանաչում ՄԻԵԴ-ն այն պատճառով, որ Ադրբեջանին զրկել են Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից՝ ըստ նրա՝ Ղարաբաղում պատերազմի հաջողության հանդեպ նախանձի պատճառով։

«Հենց այն պատճառով, որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն մեզ զրկեց ձայնի իրավունքից։ Այդ ժամանակ մենք որոշեցինք, որ նման պայմաններում ավելի լավ է վերադառնալ տուն։ Այդ ժամանակից ի վեր մենք չենք մասնակցում նրանց նիստերին,- հիշեցրել է նա։- Եվ, ի դեպ, հաշվի առնելով, որ մենք չենք մասնակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրությանը, այդ դատարանի բոլոր որոշումները մեզ համար անվավեր են»։

Վերջին տարիներին, հատկապես 2022 թվականից սկսած, երբ սկսվեց Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատթարացել է։ Զգալիորեն աճել է քաղբանտարկյալների թիվը, երկրից վտարվել են ՄԱԿ-ի կառույցների մեծ մասը, Կարմիր խաչի ներկայացուցչությունը և փակվել են օտարերկրյա լրատվամիջոցների թղթակցային կետերը, որոնց թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայությունը։

Սակայն նույն ժամանակահատվածում Ադրբեջանը միայն ավելացրել է գազի մատակարարումները Եվրոպա։ Մի քանի օր առաջ երկիր էր ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և պայմանավորվել ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ։ Այդ ժամանակ Ադրբեջանն արդեն դարձել էր Չեխիայի նավթի խոշորագույն մատակարարը։

Բացի դրանից, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո Հարավային Կովկասը (և Ադրբեջանը՝ որպես տարածաշրջանի խոշոր երկիր) դարձել է յուրօրինակ կայունության կղզյակ Իրանի հարևանությամբ։ Նրա տարածքով՝ պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանի և Իրանի միջև, անցնում է այսպես կոչված «Միջին (տրանսպորտային) միջանցքը», որը կապում է Ասիան և Եվրոպան։

 Դիտորդները նշում են, որ Եվրոպան, ըստ ամենայնի, չի ցանկանում վիճել Ադրբեջանի հետ այն պահին, երբ գազը կենսական նշանակության դեր է խաղում։

News.am