ՆԻԿՈԼՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՈՂՋ ԱՐՑԱԽԸ

Օրերս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Կլարկ Կուպերը. ԱՄՆ իշխանությունները համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Ցուցանշական է, որ դա ասվեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի՝ տարածաշրջանում «ռուսական ազդեցությանը Վաշինգտոնի հնարավոր դիմակայության» վերաբերյալ։ Ինչպես հարցը, այնպես էլ պատասխանը ակներևաբար ցույց են տալիս, թե իրականում ում հանգիստ չի տալիս ռուս խաղաղապահների ներկայությունը, և հետևաբար՝ ռուսական գործոնի կտրուկ ուժեղացումը տարածաշրջանում։

Ամերիկացիներն արթնացան ու հասկացան, որ հարցերը լուծվում են առանց իրենց։ Մինսկի խմբի վերակենդանացման փորձը՝ պատերազմից հետո համանախագահների առաջին այցի տեսքով, ասենք այսպես, այնքան էլ արդյունավետ չգտնվեց։ Պարզ է, որ դրա գործունեության վերսկսմամբ շահագրգռված են նախևառաջ ԱՄՆ-ն ու Եվրոպան, թեև Ռուսաստանը չի առարկում։ Դրա հետ մեկտեղ՝ Մոսկվան պարզ հասկացնում է, որ տարածաշրջանում գլխավոր «նայողի» դերը որևէ մեկին զիջել մտադիր չէ։

Պատերազմի 44 օրերի ընթացքում ԱՄՆ-ը հնչեցրեց ընդամենը մի քանի պաշտոնական հայտարարություն՝ հանգիստ նայելով ոչ միայն Ադրբեջանի ռազմական ագրեսիային և ցեղասպան գործողություններին Արցախի ժողովրդի նկատմամբ, այլև պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցությանը, որը ՌԴ-ի հետ հավասար կարողացավ շատ ավելի մեծ ազդեցություն նվաճել տարածաշրջանում, քան Արևմուտքը։ Հիմա հանկարծ պարզվում է, որ Ռուսաստանի գործունեության արդյունքները Պետդեպարտամենտին չեն գոհացնում։ Միայն թե տարօրինակ է, որ Վաշինգտոնը հնարավոր ապակայունացման պատճառ է համարում ոչ թե Անկարայի և Բաքվի, այլ հենց Մոսկվայի գործողությունները։

Օրերս Արմեն Աշոտյանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ, թե ինչու է Փաշինյանը մերժել Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկը, որը թույլ կտար հայկական կողմին ավելի քիչ կորուստներով դուրս գալ պատերազմից։ Պարզվում է, որ վարչապետն ինտենսիվ շփվել է ամերիկացիների հետ՝ փորձելով ստանալ նրանց աջակցությունը և հասնել պատերազմի դադարեցմանը ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի օգնությամբ, ինչը թույլ կտար Վաշինգտոնին ստանալ ամենաազդեցիկ բանակցողի պատվավոր դափնիները։ Բայց ընտրություններով զբաղված ԱՄՆ-ը այն ժամանակ սահմանափակվեց միայն համանախագահի պարտականությունների հերթապահ կատարմամբ, իսկ այսօր հանկարծ դժգոհություններ է ներկայացնում Մոսկվային։

Ինչևէ, Մինսկի խմբի գործունեության վերսկսումը կարելի է միայն ողջունել. երեք խոշոր տերությունների շահերի համադրումը միշտ ավելի լավ է հայկական կողմի համար, քան դրանցից մեկի անվերապահ գերակշռումը, մանավանդ եթե հաշվի առնենք թուրքական գործոնը։ Արևմուտքին տվյալ դեպքում, բնականաբար, հուզում է առաջին հերթին այն, որ խաղաղապահ առաքելությամբ տեղակայվել են միայն ռուսական ուժերը, ուստի գերակա հարցեր կդառնան, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը՝ ՄԱԿ-ի «կապույտ սաղավարտների» հաշվին ձևաչափն ընդլայնելու ուղղությամբ։

Դանդաղընթաց դիվանագիտական գործընթացը ցույց է տալիս նաև, որ Արցախի կարգավիճակի և սահմանների հարցը կարող է գլխավորը դառնալ բանակցություններում։ Սակայն, ինչպեսև առաջինը, դա չի մտնում Ռուսաստանի հրատապ օրակարգի մեջ, որը, դատելով պաշտոնական անձանց հայտարարություններից, չի համարում այդ որոշումը մոտակա հեռանկարի հարց։ Այնպես որ Մինսկի գործընթացի ավելի քան 28-ամյա պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ականատես դառնալ համանախագահների տարաձայնություններին կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Այս առումով հատկանշական է Իգոր Պոպովի բացակայությունը Բաքվում ու Երևանում կայացած հանդիպումների ժամանակ, ինչը, հնարավոր է, ցուցադրական նշան էր մյուս երկու միջնորդներին։ Թե որքանով է այդ շրջանակներում տեղավորվում համանախագահներին շեմից հետ դարձրած Ալիևի լկտիությունը, որը հաղթական տենդի մեջ է և արդյունքում կարող է բավական ցավոտ հարվածներ ստանալ, առանձին խոսակցության թեմա է։

Ամեն դեպքում, համանախագահներից յուրաքանչյուրը կշարունակի պաշտպանել առաջին հերթին սեփական շահերը տարածաշրջանում։ Եվ այս պայմաններում հայկական կողմին անհրաժեշտ է բարձր պրոֆեսիոնալ, ուղղակի ոսկերչական դիվանագիտական աշխատանք, որպեսզի նույնիսկ այս իրավիճակում փորձի առավելագույն օգուտ քաղել ազգային շահերի տեսանկյունից։ Այս իշխանության օրոք նման աշխատանք ակնկալելն անիմաստ է ու անհեթեթ. թե ինչպիսի բանակցող է Նիկոլը՝ մենք տեսել ենք ոչ միայն երկուսուկես տարիների ընթացքում, այլև եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, որի կետերից յուրաքանչյուրը ծանր մեղադրանք է հայկական դիվանագիտության և անձամբ ստորագրողի հասցեին։

Ավելին, նույնիսկ այսօր Փաշինյանը շարունակում է պնդել, թե կարգավորումը «պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Է՞լ ինչ է պատրաստվում անել, որպեսզի բավարարի հանցագործների և վանդալների իղձերը. սա գլխավոր հարցն է, որ այսօր հուզում է հայ հասարակությանը, և որի պատասխանը, սակայն, հստակ ուրվագծվում է արտաքին գործերի նախարարի, հենց իր՝ Փաշինյանի և նրա թիմի անդամների վերջին հայտարարություններում։ Ինչպեսև՝ բխում այն փաստից, որ բանակցություններին Արցախի իշխանությունների մասնակցության անհրաժեշտության մասին նախկինում անվերջ ճղավող Նիկոլը հանկարծ արգելում է Արայիկ Հարությունյանին հանդիպել համանախագահների հետ՝ ռուս ներկայացուցչի բացակայության պատրվակով։ Թեև Հարությունյանը եկել էր Երևան՝ նախապես տեղյակ լինելով այդ փաստի մասին։

Ի՞նչ ճակատագիր է սպասում Արցախին Փաշինյանի գաղտնի պարտավորությունների արդյունքում, որոնց գոյությունն արդեն կասկածից վեր է: Ինչո՞ւ Հայաստանն այդպես էլ խորհրդարան չմտցրեց Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը, իսկ այսօր նաև նոր պայման է առաջադրում դրա համար. եթե, իբր, Ադրբեջանը չհամաձայնի որոշել կարգավիճակը Մինսկի խմբի շրջանակներում, ապա Հայաստանը կքննարկի ճանաչման հարցը։ Ծիծաղելի է սա, թե ողբալի՝ վճռեք ինքներդ... Իսկ փաստն այն է, որ համանախագահներից առնվազն երկուսը բաց տեքստով մատնանշել են այդ ճանաչման բացակայության կործանարար լինելը հայկական կողմերի համար։ Մեկ ամսում առնվազն երեք անգամ այդ մասին ասել Է Պուտինը, ընդ որում՝ ոչ ավելի վաղ, քան երեկ կրկնեց դա մամուլի ասուլիսի ժամանակ։ Երկու անգամ այդ մասին խոսել է նաև Ֆրանսիայի արտգործնախարարը՝ տրամաբանական հարց տալով. ինչո՞ւ պիտի մենք ավելի շատ հայ լինենք, քան իրենք՝ հայերը։

Արցախի ճանաչման շուրջ Երևանի կեղտոտ խաղերի և շահարկումների ցինիկության մասին խոսելն արդեն անիմաստ է։ Փաշինյանի դեպքում դա կրկնակի վտանգավոր է, քանզի երկուսուկես տարվա ընթացքում նա այդպես էլ ոչ մի անգամ չանցկացրեց կարմիր գիծը. Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իսկ Այվազյանի և հենց իր՝ վարչապետի վերջին հայտարարությունները տալիս են բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ այս իշխանությունները միանշանակ մտադիր են ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Իրոք որ, հատկապես ի՞նչ նկատի ունի ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ խոսելով ինքնորոշման իրավունքի մասին, բայց ընդ որում չնշելով գլխավորը. Արցախի պետական անկախությունը և նրա միջազգային ճանաչումը։ Չէ՞ որ ինքնորոշում միանգամայն կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում՝ ինչ-որ մշակութային ինքնավարության տեսքով։ Գուցե հենց այդ պատճառո՞վ Արայիկ Հարությունյանին արգելեցին հանդիպել համանախագահների հետ։ Գուցե հենց այդ պատճառո՞վ են Ադրբեջանին գյուղ առ գյուղ հանձնվում Արցախի մնացած տարածքները, որպեսզի հեշտացնեն ամբողջական զավթման խնդիրն Ալիևի համար։

Երկրորդ գործոնը, որը հստակ վկայում է Փաշինյանի թիմի մտադրությունների մասին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դրա հաշվին Հայաստանի շրջափակումը վերացնելու համառ ձգտումն է։ 1993 թվականին Թուրքիան արգելափակեց սահմանը հենց այն պատճառով, որ Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», ուստի չնչին իսկ կասկած չկա, որ Բաքուն ու Անկարան կհամաձայնեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել և հանել շրջափակումը (?) միայն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դեպքում:

Երեկ սոցցանցերում տարածվեց հերթական ցնցող լուրը. Իբր՝ Ստեփանակերտում բնակեցվելու են ավելի քան 12 հազար ադրբեջանցիներ։ Վարչապետի մամլո քարտուղարի արձագանքը չափազանց խոսուն էր. ԶԼՄ-ներից մեկում նա հայտարարեց, թե դա չի համապատասխանում իրականությանը, իսկ մյուսում՝ թե ոչինչ չի կարող ասել Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների քանակի մասին։

Ասված ամենը ապացուցում է երկու անվերապահ փաստ։

Առաջինը. Փաշինյանը պարտավորվել է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Երկրորդը. Փաշինյանն ու իր արտգործնախարարը իրավունք չունեն որևէ բանակցություններ վարել, լինելով դիվանագիտական ասպարեզում խայտառակ պարտություն կրած թիմի անդամներ, ինչպես նաև այն պատճառով, որ իրենց անձնական և շահադիտական շահերն արմատապես հակասում են հայ ժողովրդի և հայոց պետության ազգային ու կենսական շահերին։

Այն ամենը, ինչ հասցրեց անել Նիկոլը երկուսուկես տարում, դրա լավագույն ապացույցն է։ Եվ հենց այդ պատճառով էլ նրան ոչ մի դեպքում չի կարելի հնարավորություն տալ ավարտին հասցնելու իր դիվական գործը։