2021 ԹՎԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԿԻԶԲ ԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ

Մեկ տարի առաջ այս օրերին, ուրախությամբ պատրաստվելով տոներին, նույնիսկ ամենասարսափելի մղձավանջի մեջ մենք պատկերացնել անգամ չէինք կարող, թե ինչ է սպասվում մեզ: Իրավիճակը երկրում բարդ էր, իշխանությունները շարունակում էին վարել ողջամտության և պետության շահերի տեսանկյունից անհասկանալի ու անբացատրելի քաղաքականություն, բայց ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինչով է սպառնում մեզ մեկուկեսամյա բաքոսատոնը, որն արդեն այն ժամանակ փոխարկվել էր պետական ինստիտուտների փլուզման և հասարակական սաստիկ պառակտման գործընթացի։ Նույնիսկ նրանք, ովքեր Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրից Արցախի հարցում անբարենպաստ զարգացումներ և հնարավոր պատերազմ էին կանխատեսել, ենթադրել անգամ չէին կարող, որ սկսված 2020 թվականը դառնալու է Ցեղասպանությանը հաջորդած 100 տարիներից ամենաաղետալին…

2020-ը Հայաստանի համար սկսվեց անհեթեթ հանրաքվեի նախապատրաստությամբ, բայց արդեն մարտին աշխարհն ընկղմվեց կորոնավիրուսի համավարակի մեջ։ Կարանտին, լոքդաուն, դիմակներ, սոցիալական հեռավորություն, ալկոգել, փակ սահմաններ, տեստեր, պատվաստանյութեր. այս ամենը սրընթաց ներխուժեց հարյուր միլիոնավոր մարդկանց առօրյա, կտրուկ փոխելով մտածելակերպը, սովորությունները, աշխարհակարգը: Հայաստանը բացառություն չդարձավ, բայց կառավարության ապաշնորհությունն ու ապիկարությունը լիակատար կերպով դրսևորվեցին նաև այս իրավիճակում՝ նետելով երկիրը կորոնավիրուսով առավել ախտահարված և չափազանց բարձր մահացություն արձանագրող պետությունների շարք։

Ո՜ւր էր թե իմանայինք այն ժամանակ, գարնանն ու ամռանը, որ առջևում մեզ սպասում է այնպիսի մասշտաբի աղետ, որ համավարակն ու դրա հետ կապված սահմանափակումները մանկական չարաճճիություններ են թվալու, և մենք երանի ենք տալու այն ժամանակներին, երբ մեր բոլոր խնդիրներն ամփոփված էին դիմակ կրելու կամ չկրելու, հեռավար աշխատանքի, հարազատների հետ շփման դժվարությունների և տնտեսության անկման մեջ... Ո՜ւր էր թե իմանայինք այն ժամանակ, թե ինչ են նախապատրաստել մեզ համար Նիկոլ Փաշինյան անունով ճիվաղը, իր կինն ու նրանց մի քանի մտերիմներ

Հետ նայելով՝ արդեն այսօրվա իրավիճակի դիտակետից, հասկանում ես, որ իշխանափոխությանը հաջորդած երկուսուկես տարիների ողջ ընթացքում երկիրն ու ժողովրդին տանում էին հենց դեպի աղետ։ Բայց ախր այսպիսի՞... Կար ըմբռնումը, որ երկրում արհեստականորեն ստեղծվում և խորացվում է քաոսը, որի մեջ իրեն վարչապետ կոչող մարդն առավելագույնս հարմարավետ է զգում նաև այն պատճառով, որ միայն կառավարչական ու հասարակական բացարձակ կաթվածահարության պայմաններում է նա կարողանում բռնել իր նողկալի ձուկը։ Բայց ախր ա՞յս աստիճան։ Մենք հասկանում էինք, որ իշխանության ղեկին պաթոլոգիկ ստախոս է, որի ողջ իշխանությունը կառուցվում է անհավանական ծավալի կեղծիքի, խաբեության, խառնակչության, նենգափոխումների, խուսավարումների, «կռուտիտների» վրա... Բայց որ պետությունը դաժան պատերազմի 44-րդ օրերին գիտակցաբար խաբելու է 10 միլիոն հայերի՝ ցինիկաբար խաղալով նրանց հայրենասիրական զգացմունքների հետ... Նման բան հնարավո՞ր է։

Պարզվեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է հանձնել Արցախի տարածքի ավելի քան 70%-ը, հանձնել Շուշին՝ ծայրաստիճան կասկածելի հանգամանքներում, մահվան դատապարտել մոտ 5000 հազար հայրենակիցների, ևս 10 հազարին՝ խեղել ու դարձնել հաշմանդամ, շուրջ 100 հազար մարդու զրկել ամեն ինչից. տնից, ունեցվածքից, հայրենիքից, ահավոր վտանգի տակ դնել բուն Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը, թույլ տալ թուրքին հասնել մինչև Սևան, իսկ հետո մնալ իշխանության ղեկին ու ճամարտակել թշնամու հետ դիվանագիտական հարաբերությունների ու հաղորդակցության ուղիների, Նախիջևանի միջով դեպի Ռուսաստան ճանապարհի մասին։ Պարզվեց, որ հնարավոր է մոռանալ Ստեփանակերտի և Շուշիի զանգվածային ռմբակոծությունների, Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն հասցված հարվածների, ֆոսֆորային զինամթերքի, սիրիացի ահաբեկիչների, գերիների գնդակահարության ու գլխատման կադրերով սահմռկեցուցիչ տեսանյութերի մասին և դատողություններ անել թուրքական նավահանգիստներ ու ադրբեջանական շուկաներ մտնելու հնարավորության օգուտի շուրջ: Որ կարելի է մոռանալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված անթիվ ոճրագործությունների մասին, նրանց նվիրել Արցախն ու պնդել, թե մենք բարգավաճման ճանապարհին ենք՝ նրանց հետ, ովքեր չեն թաքցնում ցեղասպանությունը կրկնելու և արդեն ողջ Հայաստանին տիրանալու մտադրությունները։

Դժվար թե արժե կրկին թվարկել այն ամենը, ինչի հանգեցրին Փաշինյանի կառավարման երկուսուկես տարիները։ Հայաստանի մտածող քաղաքացիների համար վաղուց արդեն ակնհայտ է, որ պետության և ժողովրդի դեմ հրեշավոր ծրագիր է իրականացվում, իսկ պետության ղեկին կանգնած է անմեղսունակ մարդ, որը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանության պահպանման, իր հիվանդ հավակնությունների բավարարման և անձնական հարստացման համար։ Նոր տարվա շեմ մենք հասանք պետականության, անվտանգության համակարգի, բանակի, հավատքի, բարոյականության, հասարակական ինստիտուտների, տնտեսության և առհասարակ ամեն ինչի խորագույն ճգնաժամի վիճակում։ 2020-ը ողջ աշխարհի համար ավարտվում է շարունակվող և նույնիսկ ահագնացող համավարակով, իսկ հայ ժողովրդի համար՝ ազգային աղետի հավանականությամբ։

Բայց նույնքան ակնհայտ է, որ այսպես շարունակվել չի կարող։ Գրեթե անցել է առաջին հետպատերազմյան շաբաթների շոկը. մենք աստիճանաբար գիտակցում ենք Հայրենիքի կորստից ու մշտական ստրեսի վիճակից անվերջ ցավի, ընդարմության մեջ գտնվելու կործանարարությունը։ Մենք ամեն օր ցնցվում ենք հրեշավոր բացահայտումների նոր չափաբաժնից, ստի ու անհեթեթության նոր չափաբաժիններից, մի ամբողջ ազգի կաթվածահար արած մարդու ստորության ու սրիկայության աստիճանից։ Մենք գիտենք, որ նա պետք է հեռանա, այլապես Հայաստան այլևս չի լինի։ Եվ այս ըմբռնումը ստիպում է դուրս գալ շոկից ու սկսել մտածել և գործել:

Մենք պարզապես այլ ճանապարհ չունենք, քանզի ունենք պետություն, որը ցանկանում ենք պահպանել, դուրս բերել ճգնաժամից ու զարգացնել, մենք ունենք հազարավոր զոհերի, խեղվածների և գերության մեջ մնացածների արյունահոսող վերքը, մենք ունենք վիրավոր Արցախ և հազարավոր հայրենակիցներ, որոնց օգնել է պետք։ Մենք ունենք սահմաններ, որոնք պետք է պաշտպանել, ունենք անգին հուշարձաններ, որոնք պետք է պահպանել, ունենք Շուշի ու Քաշաթաղ, Քարվաճառ ու Հադրութ, Դադիվանք և Տիգրանակերտ, որոնք պետք է վերադարձնել։

Թեկուզ 5, 10 տարի անց, բայց վերադարձնել։ Եվ դա պետք է սկսել անել հիմա։ Մենք վերջապես դուրս ենք գալիս անիծյալ 2020-ից, որը սև տարի դարձավ հայոց պետականության ու հայ ժողովրդի համար, և դուրս ենք գալիս այն ըմբռնումով, որ մեղավորը նահանջ տարին չէր, մեղավոր մենք ենք։ Մեղավոր ենք, որ թույլ տվեցինք այսպես վարվել Արցախի և Հայաստանի հետ, որ հնարավորություն տվեցինք ցինիկ կոսմոպոլիտների և թշնամու գործակիցների կույտին վաճառել մեր Հայրենիքն ու դավաճանել նրան։ Եվ որ ներում չենք ունենա, եթե նրանք ավարտին հասցնեն այն դիվական առաքելությունը, որի համար նրանց իշխանության բերեցին։

Այս ըմբռնումը պետք է ավելի ուժեղ դարձնի մեզ և հանգեցնի դասեր քաղելու հույժ անհրաժեշտության։ Ավելի քան հարյուր տարի առաջ, ենթարկվելով մեծագույն աղետի, մենք այնուամենայնիվ գոյատևեցինք, պահպանվեցինք աշխարհի քարտեզի վրա և կարողացանք զարգանալ հզոր պետության կազմում։ Այսօր մեր առջև խնդիր է դրված ապացուցել, որ մենք արժանի ենք անկախ պետության և ունակ ենք վերագտնելու կորսված արժանապատվությունը, մեր մեջ բեկելու ոգու կաթվածն ու առաջ շարժվելու։ Դրա այլընտրանքը զանգվածային արտագաղթն է և Հայաստանի վերածումը վիլայեթի կամ փաշինյանական թայֆայի պես տգետների, տկարամիտների ու ցինիկների գավառի։

Թե որն ենք ընտրելու, ցույց կտա հենց գալիք տարին։ Վերածննդի մեկնարկի նախադրյալներ, թեկուզև ոչ այնքան նկատելի, բայց արդեն կան։ Առջևում ծայրահեղ բարդ ժամանակաշրջան է. հետպատերազմյան վիճակից դուրս գալն ու խոր վերքերի ամոքումը պետք է ընթանան ազգային ներուժի պահպանմանը, նոր գաղափարների, նախագծերի լույս աշխարհ գալուն, պետական հրատապ օրակարգի ձևավորմանը, և ամենագլխավորի՝ Հայրենիքի փրկության շուրջ կոնսենսուսի ու հասարակական համերաշխության հաստատմանը զուգընթաց:

Մտավոր եվ բարոյական Հայաստանին լրջագույն մարտահրավեր է նետված. նման բան չի եղել անկախության ողջ պատմության ընթացքում, ներառյալ նույնիսկ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակաշրջանը։ Քանզի այն ժամանակ մեր առջև միայն մեկ՝ արտաքին թշնամին էր և կար հստակ խնդիր. հաղթել պատերազմում։ Այսօր մենք ներքին բազմաթիվ բարդագույն խնդիրներ ունենք՝ արտաքին ահռելի սպառնալիքների խորապատկերին։ Պարադոքսալ է, բայց փաստ. Խորհրդային Միությունում հասակ առած սերունդը կարողացավ սկսել Ազգային-ազատագրական շարժումն ու հաղթել պատերազմում՝ վերադարձնելով պատմական հայրենիքի մի կտորը։ Անկախության սերունդն իր պատերազմը տանուլ տվեց գորշությանը, ապաշնորհությանը, պոպուլիզմին ու տգիտությանը՝ կորցնելով ազատագրված Հայրենիքը։

Անկախության սերունդը պարտավոր է վերականգնել իր արժանապատվությունը. այլ տարբերակ չկա։ Նա պետք է ապացուցի պետականության, զարգացման և հաղթանակների իր իրավունքը։ Անհրաժեշտ է ազգային ողջ ներուժի ու ուժերի համախմբում՝ հաղթելու համար անգրագիտության ու ցինիզմի դեմ ինտելեկտի և բարոյականության այս գոտեմարտում, և մտնելու զարգացման նոր դարաշրջան։ Միայն այդ դեպքում մենք կկարողանանք կառուցել այն պետությունը, որի մասին երազել ենք դարեր շարունակ։ Միայն այդ դեպքում մենք կվերադարձնենք Շուշին ու Արցախը։

Միայն այդ դեպքում Հայաստանը կվերադարձնի աշխարհի հարգանքն ու երբեմնի պատվավոր տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Եվ գալիք տարին սկիզբ կդնի Մեծ Վերածննդին. պետք է միայն անչափ հավատալ ու անցնել գործի։