Հայկ ԴԵՄՈՅԱՆ. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՕԴԱՅԻՆ ԿԱՊ ՍՏԱՆԱՆ

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման գործընթացը պետք է ուղեկցվի Երևան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ մշտական չվերթների վերսկսմամբ, և հայկական կողմը պետք է օդային հաղորդակցության երաշխիքներ ստանա: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Փորձագետն ուշադրություն հրավիրեց եռակողմ երկու հայտարարությունների շրջանակում անսովոր երևույթներին: Մասնավորապես, նոյեմբերի 9-ին ՀԱՊԿ երկու անդամներ ստորագրեցին մի երկրի հաղթանակի մասին հայտարարությունը, որը ներառված չէ կազմակերպության կազմում: Իսկ հունվարի 11-ին ստորագրվեց հայտարարություն ԵԱՏՄ երկու երկրների և մի երկրի միջև տնտեսական համագործակցության մասին, որը ներառված չէ այդ Միության կազմում: «Փոխվարչապետների մակարդակով համագործակցության մասին երկրորդ հայտարարությունը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակմանը, այն դեպքում, երբ ռազմագերիների մասով հայտարարության կետն Ադրբեջանը մինչ օրս չի իրականացրել: Այդ հարցը կարող է խոչընդոտ դառնալ փոխվարչապետների մակարդակով համագործակցության և հաղորդակցությունների ապաարգելափակման համար: Երևանը պետք է հայտարարի իր «կարմիր գծերի» մասին»,-պարզաբանեց պատմաբանը: Նրա համոզմամբ՝ առաջնահերթ նախապայման է հենց ռազմագերիների հարցը: Երկրորդ կետը փախստականների հարցն է: «Երբ Բաքուն փորձում է ճնշում գործադրել ռազմագերիների առկայության տեսքով, այդ կապակցությամբ պետք է դիմել Ռուսաստանին և հայտնել հայտարարության կետի խախտման մասին, եթե, իհարկե, չկան այլ բանավոր պայմանավորվածություններ: Բացի այդ, մենք պետք է բարձրացնենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հարցը, այլապես համագործակցության ոչ մի հեռանկար չի կարող լինել, քանի որ դա կդիտարկվի որպես նախապատրաստում պատերազմին»,-նշեց նա: 

Դեմոյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ունակ չեն գերիներին վերադարձնելու, այսինքն՝ նրանք չեն կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը, էլ չենք խոսում ամբողջ պետության շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման կամ նոր աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով՝ «ճանապարհային քարտեզի» մշակման մասին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը հնարավոր համարեց, որ շուտով դիմելու են Ղարսի և Մոսկվայի պայմանագրերին, որի կետերը հաստատվել են 1991 թվականին: «Անդրկովկասում իրադարձությունների զարգացումը կախված է լինելու միջազգային իրավիճակից՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղում հիմա կան նաև ռուս զինվորականներ, իսկ Ադրբեջանի տարածքում՝ թուրք և, հավանաբար, պակիստանցի զինվորականներ: Հարցը միայն այն է, թե արդյոք կրկին կհաստատվե՞ն այդ պայմանագրերի կետերը, թե՞ նոր պատերազմ կսկսվի»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Շուշիում սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց եկեղեցու վերականգնման մասին, ապա, ինչպես նշեց փորձագետը, Ալիևը նախկինում ընդհանրապես ասում էր, որ այն չեն ռմբակոծել: «Հայկական կողմը պետք է բարձրացնի Ղարաբաղում և Նախիջևանում մշակութային հուշարձանների և ժառանգության ուսումնասիրման հանձանաժողովի ստեղծման հարցը: Բաքուն, իհարկե, դրան դեմ կլինի, գոնե Նախիջևանի առումով, բայց մեզ համար դա կարող է դառնալ ճնշման լծակ, քանի որ մենք ընդամենը առաջ ենք քաշում հումանիտար բնույթի գաղափար»,- ամփոփեց Հայկ Դեմոյանը:

News.am