ՀՈԳԵՎԱՐՔ, ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ, ԴԱՏԱՎՃԻՌ

Ըստ վիճակագրության տվյալների՝ 2018-ի գարնան իշխանափոխությունից հետո պետպարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Պետական պարտքի թույլատրելի սահմանը, աշխարհի տնտեսագետների կարծիքով, կազմում է ՀՆԱ-ի 60%-ը, սակայն այսօր այն արդեն կազմում է 65-66%: Հայաստանին դեֆոլտ է սպառնում։ Ինչպես նշում է Միքայել Մինասյանը, այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա արդեն 2960 դոլարի իրական պարտք կա, նոր իշխանությունը հաջորդ սերունդներին թողնում է ահռելի պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված երկիր:

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հեծանիվով գնաց աշխատանքի՝ կառավարության ղեկավարի իր նստավայր։ Դա նրա իշխանավարման առաջին օրերին էր։ Այն ժամանակ նա գոհ ժպտում էր՝ բերանը մինչև ականջները բացած, «Դուխով» մակագրությամբ կեպի կրում և զգում իրեն եթե ոչ աշխարհի, ապա հաստատ հետխորհրդային տարածքի ամենաժողովրդավար առաջնորդ։ Ժամանակները սրընթաց փոխվում են։ Այսօր «ժողովրդավարության բաստիոնում», ինչպես հորջորջում էր Հայաստանը խորհրդարանի խոսնակը, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ոստիկաններ և երկրի անվտանգության այլ կառույցների աշխատակիցներ ապահովում էին Նիկոլ Փաշինյանի անցումը կառավարական մի շենքից դեպի ոչ հեռու գտնվող մյուս մասնաշենք։ «Նիկոլ դավաճան» և տպագրության ոչ ենթակա գոչյունների տակ։ Ողորմելի տեսարան... «Այ տենց սողեսող ես ման գալու, արա», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: «Թող էդպես Շուշին պաշտպանեին»,- ասում է մյուսը:

Երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթն անցնում էր նախագահի նստավայրի և խորհրդարանի շենքի ու հարակից պուրակի կողքով։ Ժամանակին նոր գործադիր իշխանությունն ասում էր, թե քաղաքացիների առջև փակ դռներ չպետք է լինեն, թե խորհրդարանի շենքի դիմացի այգու և նախագահի նստավայրի տարածքի մուտքը բաց է լինելու այսուհետ և առհավետ։ Քանզի Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժամանակները փոխվել են։ Հիմա ամեն ինչ փակ է, ամրապինդ զոդած, դարպասները՝ ամրացված, ներսում հերթապահում են զինված մարդիկ, որոնք մերթընդմերթ «զուտ պատահաբար» ցուցադրում են մարտական լրակազմը։

Երբ «ժողովրդավարության բաստիոնի» ներկայացուցիչ, խորհրդարանական մի ամբողջ հանձնաժողովի նախագահ, ոչ տպագրելի մականունով Անդրանիկն ասում է, թե իշխանությունն ունի ժողովրդի վրա կրակելու մոնոպոլ իրավունք, և մարդիկ պետք է դա իմանան, սա հոգեվարք է։ Հիշեցնենք, որ դա ասում է հենց այն «թավիշի» ներկայացուցիչներից մեկը, որոնք 2018-ի ապրիլին գրավում էին Ռադիոտունը, պետության կողմից պահպանվող օբյեկտը: Իսկ հետո շրջափակում խորհրդարանի շենքը։

ԱՅՍԻՆՔՆ ՄԱՐԴԻԿ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԶԱՌԱՆՑՈՒՄ ԵՆ ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ։ Կրակողների՛ն տեսեք։ Արդեն հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են ասում, և ինչով դա կարող է ավարտվել անձամբ իրենց համար։ Չհասկանալով, որ եթե իրենց մինչ օրս դուրս չեն նետել աշխատասենյակներից, ապա պատճառը բնավ այն չէ, թե վախենում են, այլ որ դիմակայող այդ մարդիկ, ի տարբերություն իրենց, հասկանում են տարբերությունը պետական շահերի և անձնական հավակնությունների միջև։

Երբ ժողովրդի վրա կրակելու սպառնալիքները լսող աշխարհի ամենաազատ ռադիոկայանի ներկայացուցիչ Հրայր Թամրազյանը զրուցակցին ասում է «շնորհակալություն» ու հաջողություն մաղթում, դա լյուստրացիա է։ Դե, իսկ երբ սոցիալական ցանցերի ֆեյք օգտատեր Gagik Shogomonyan-ը, որի որոնումներին են նետված ՀՀ ԱԱԾ-ի լավագույն խուզարկուները և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործով արդեն մեղադրվել են մի խումբ մարդիկ, իսկ երկուսը՝ ձերբակալվել, մինչդեռ ֆեյքն այդ ընթացքում հանգիստ ապրում և ժամեր առաջ հանգիստ անում է հերթական գրառումը, դա արդեն բնավ ծիծաղելի չէ։ Դա դատավճիռ է։

Основная тема:
Теги: