ԳՇ պետը շարունակում է մնալ իր պաշտոնում

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այս պահին էլ դեռ շարունակում է մնալ իր պաշտոնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«ԶՈւ ղեկավարությանը վարչապետը չի ազատում։ Նախագահն է իր հրամանագրով ազատում։ Մինչև ՀՀ նախագահի հրամանագիրն այդ մարդիկ իրենց պաշտոններում են մնում։ Եվ, կարելի է ասել, այստեղ արդեն զինված ուժերը ցայտնոտի մեջ են, ու նախագահը պետք է արդյունավետ կերպով օգտվի օրենքով ընձեռված ժամանակահատվածից»,– ասաց Այվազյանը։

Այդ ժամանակահատվածը, Այվազյանի մեկնաբանմամբ, 3 օր է։ ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին 3 օր ժամանակ է տրամադրում` համապատասխան որոշում ընդունելու համար։

«Նախագահի չստորագրելը ինչ-որ առումով ժամանակային միջանցք կտա։ 3 օրվա ժամկետում, եթե նախագահը չստորագրի, վարչապետն է որոշումը կայացնելու»,– ասաց Այվազյանը։

Բանն այն է, որ ՀՀ Սահմանդրության 133 հոդվածի համաձայն, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը` «վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով» և եռօրյա ժամկետում։

Իսկ Սահմանադրության 139 հոդվածը ՀՀ նախագահին հնարավորություն է ընձեռում ազատման հրամանագիր չստորագրելու դեպքում վարչապետի առաջարկությունն` իր կողմից ներկայացրած առարկություններով վերադարձնել վարչապետին։

«Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»,– սահմանում է ՀՀ մայր օրենքի նույն` 139 հոդվածի երկրորդ մասը։

Դե, իսկ նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է, որ եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այսինքն` ո՛չ ստորագրում է, ո՛չ վերադարձնում վարչապետին, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այլ կերպ ասած`արդեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետն այս առումով լծակ ունի, եթե, իհարկե, ՀՀ նախագահը նախ իր առարկությունները ներկայացնի վարչապետին, ապա, դրանք չընդունվելու դեպքում, չդիմի Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 86-րդ հոդվածը նախագահի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար այն մուտքագրելուց հետո 5-օրյա ժամկետ է սահմանում:

Դրանից հետո պարտավոր է որոշում կայացնել.

1) իրավասու մարմնի կողմից հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին,

2) իրավասու մարմնի կողմից հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

Այսպիսով, փաստորեն ՀՀ օրենսդրության համաձայն, ԳՇ ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար առավելագույնը սահմանվում է 8-օրյա ժամկետ, որից 3-ը` ՀՀ նախագահի, 5-ը` Սահմանադրական դատարանի համար։

Չնայած դրան, սահմանադրագետ Վարդան Այվազյանն այն համոզման է, որ ստեղծված իրավիճակում ցանկացած հանգուցալուծում կարելի է Սահմանադրությանը համապատասխանող համարել։

«Այն իրավիճակն է, որ 3 տարի իշխանության կողմից բառի բուն իմաստով բռնաբարվել է երկրի Սահմանադրությունը, և նման իշխանությանը հեռացնելու համար ամենևին էլ պետք չէ սահմանադրական մեխանիզմներին ապավինել, այլ պետք է ուժի դիրքերից խոսել։ Սա լիովին լեգիտիմ է, և մտնում է Սահմանադրության տրամաբանության մեջ։ Այսինքն` ժողովուրդը հետ է վերադարձնում իրենից բռնազավթված իշխանությունը»,– ասաց Այվազյանը։