ՀԱՄԱՏԱՐԱԾ ՍԿԱՆԴԱԼ. «ԲՈԻՆԳԻՑ» ՄԻՆՉԵՎ «ԻՍԿԱՆԴԵՐ»

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Sputnik Արմենիայի հարցումով մեկնաբանել Է Ստեփանակերտի ադրբեջանական «Խանքենդի» անվան հիշատակումը Ղարաբաղ առաքված մարդասիրական օգնության վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին, զետեղվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ կար հետևյալ ձևակերպումը. «... Ընդհանուր առմամբ Ստեփանակերտ/Խանքենդի է հասցվել մոտ 50 տոննա բեռ»:

«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ հրապարակումը անմիանշանակ է ընդունվել։ Քանի որ շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամլո հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,- ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, չենք պնդի, բայց բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ամենևին էլ պատահական չէ, որ իր պաշտոնական հաղորդագրության մեջ դեսպանատունն առաջին անգամ օգտագործեց Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կասկածի տակ առավ «Իսկանդերի» գործունակությունը: Փաշինյանի այն հայտարարությունը, թե ռազմական գործողությունների ընթացքում «Իսկանդեր» հրթիռը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, արդեն վրդովմունքի ուժգին ալիք է բարձրացրել ռուսաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակներում, իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմի պաշտոնական արձագանքին, ապա կարելի է ենթադրել, որ դրա արտահայտման համար օգտագործվել է հենց այս, ասենք այսպես, համեմատաբար կոռեկտ ու մեղմ տարբերակը։ Այլ բան է, որ այստեղ հաշվի չի առնվել մի էական պահ. նա, ով կասկածի տակ է առնում այն փաստը, որ Շուշին հայկական քաղաք է, հաստատ չի մտահոգվի Արցախի մայրաքաղաքը Խանքենդի անվանելու առիթով։ Այնպես որ իրականում այդ քարն ընկավ ոչ թե Փաշինյանի բոստանը, ուր, ըստ երևույթին, նշան էին բռնել դիվանագետները, այլ դիպավ միլիոնավոր հայերի սրտին, որոնք վստահ են, որ Արցախի մայրաքաղաքը հենց Ստեփանակերտն է և Շուշին էլ դարեր ի վեր հայկական է։ Ասենք, տվյալ դեպքում խոսքը փոքր-ինչ այլ բանի մասին է։

Ըստ երևույթին, «թավիշը» որոշել է ապացուցել նույնիսկ իր հանդեպ լոյալ մարդկանց, որ իր իշխանության յուրաքանչյուր պահն անմիջական սպառնալիք է երկրի շահերին։ Գրեթե երեք տարի շարունակ այդ թիմը, բացի ամենից, մեթոդաբար փչացրել է հարաբերությունները բոլորի՝ դաշնակիցների, գործընկերների, հարևանների հետ (դրանցից երկուսին՝ Թուրքիային և Ադրբեջանին դա չի վերաբերում)։ Բայց հիմա, դատելով ամենից, գործընթացն ահագնանում է։ Հիմա դա արվում է ոչ թե քայլ առ քայլ, այլ տիեզերական արագությամբ։ Նկատեք, միայն մեկ օրում Հայաստանը կարողացավ լրջագույն լարվածություն մտցնել երկու համաշխարհային տերությունների՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններում։

ՓԵՏՐՎԱՐի 23-Ը ՀԵՆՑ ԱՅԴՊԻՍԻ ՕՐ ԷՐ: Սկզբում սկանդալ բարձրացավ՝ կապված Հայաստանում գրանցված «Բոինգ 737»-ի հետ, որը խորհրդավոր կերպով վայրէջք կատարեց Թեհրանում։ Այդ պատմությունը հանգամանորեն ներկայացվել է փորձագետների կողմից, այնպես որ հիմա կանգ չենք առնի մանրամասների վրա։ Նշենք միայն, որ միանգամայն տրամաբանական կասկածներ կան, որ օդանավը վաճառվել Է Իրանին՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Եթե այդ վարկածը հաստատվի, ապա մեծ է հավանականությունը, որ Երևանը կբախվի Վաշինգտոնի պատժամիջոցներին։

Նույն օրը բռնկվեց մեկ այլ սկանդալ՝ կապված իբր անգործունակ «Իսկանդերի» հետ։ Դա (սկանդալը) ավելի լուրջ է։ Նախ՝ դա խայթոց էր ռազմաքաղաքական դաշնակցի հասցեին, որից ուղղակիորեն կախված է երկրի անվտանգությունը։ Երկրորդ՝ կասկածի տակ է առնվում դաշնակցի ռազմաարդյունաբերական հուսալի համալիրի հեղինակությունը, ինչը պարզապես չի կարող լարվածություն չառաջացնել Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում։ Հայտարարությունը, իհարկե, անհեթեթ է, ինչ-որ մեկի համար նույնիսկ ծիծաղելի։ Բայց իրականում դա ծայրաստիճան վտանգավոր է։ Դա սպառնալիքի տակ է դնում երկրի առանց այդ էլ խարխլված անվտանգությունը…

Թե ինչ անակնկալ կմատուցի այս իշխանությունը վաղը, դժվար է ասել։ Բայց կասկածից վեր է, որ Հայաստանի քաղաքացիների համար դա, մեղմ ասած, տհաճ կլինի։ Նույնիսկ «թավիշի» նկատմամբ լոյալ մարդկանց համար։ Չէ՞ որ նրանք էլ են այն անվտանգության համակարգի շահառուները, որին այսօր փորձում է «տրոլլինգի» ենթարկել Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը։ Չէ՞ որ նրանք նույնպես կտուժեն միանգամայն հավանական ամերիկյան պատժամիջոցներից՝ կապված հայկական «Բոինգի» առեղծվածային ճակատագրի հետ։

Основная тема:
Теги: