Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԻԹ Է, ՈՐՊԵՍԶԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԻ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ

«Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբն արել է հայտարարություն, բայց դրա մեջ որպես այդպիսն ապացուցողական բազա չկա, այսինքն հայտարարություն է, որի ներքո արդեն կարելի է տեսնել ԶՈւ գլխավոր շտաբի ու հրամկազմի պատրաստակամությունը տրամադրել այդ ապացույցները»,- ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այդ դեպքում ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել ու քրեական գործ հարուցել Հայաստանի պատմության տիեզերական մասշտաբի դավաճանի նկատմամբ:

Ա. Հովհաննիսյանի խոսքով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն առիթ է, որպեսզի գլխավոր դատախազը կապ հաստատի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Միանշանակ առիթ է, նա պետք է այդ գործողությունը կատարի: Եթե հիմնվեմ նրա՝ վերջին երեք տարիների վարքագծի վրա, ապա ոչ, չի անի այդ գործողությունը, եթե հիմնվեն մնացորդային հիշողության, արժանապատվության և երկրի ճակատագրով մտահոգ լինելու վրա, ապա պարտավոր է, պետք է անի դա: Հույս ունեմ, որ կանի դա»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տա բանակը դուրս գա ժողովրդի դեմ, ի՞նչ քայլերով դա պետք է անի, նա պատասխանեց. «Փաշինյանը միշտ խոսում է, ստում, սպառնում ու մանիպուլացնում, հաճած ասում է բաներ, որոնք ինքը ոչ միայն չի կարող անել, այլև իրավունք չունի անել:

Նա թույլ տալու կամ թույլ չտալու որպես այդպիսին պոտենցիալ չունի: Առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է, առանց լիազորության մարդ: Զինված հեղաշրջման փորձի անգամ նշույլ չկար այդ հայտարարության մեջ, որպես իրավաբան եմ դա ասում: Հետևաբար, Փաշինյանը պետք է շատ զգույշ լինի իր հայտարարություններում, քանի որ կարող է ստացվել, որ օրենքից դուրս վիճակում հայտնվի ոչ թե Զինված ուժերը, այլ հենց ինքը, կատարի դիրքի չարաշահում, լիազորություններն անցնեն, սադրանք, պրովակացիաներ, ու քրեական իրավունքի տիրույթում ինքը հայտնվի, ինչպես այս երեք տարիների ընթացքում ծանրագույն հոդվածներով հայտնվել է, բայց ամենածանրն առջևում է՝ պետական դավաճանությունը»:

Հարցին՝ եթե Հայաստանի նախագահը եռօրյա ժամկետում չստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկությունը, ի՞նչ կարող է հաջորդել դրան, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Երկու տարբերակ կա: Առաջին՝ եռօրյա ժամկետում չի ստորագրում ու որևէ գործողություն չի կատարում, այդ դեպքում Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կհամարվի ազատված:

Երկրորդ, ըստ Սահմանադրության, եթե նախագահ Սարգսյանն իր դիտողություններով, դիտարկումներով առաջարկությունը վերադարձնի այն տվող անձին, այսինք Փաշինյանին, Փաշինյանը կարող է հետ ուղարկել: Այդ դեպքում Արմեն Սարգսյանը կամ ստորագրում է, կամ ուղարկում Սահմանադրական դատարան, քանի որ այնտեղ հակասահմանադրականության հստակ դրսևորումներ կան: Քանի որ պնդում եմ ու վստահաբար ասում, որ Սահմանադրությանը հակասող որոշում է, այն ինչ ուղարկել է Փաշինյանը, ապա Արմեն Սարգսյանի գործողություններն ակնհայտ են՝ հետ ուղարկի այն առաջարկող անձին, ետ գալու դեպքում ուղարկի ՍԴ»:

Panorama.am