ՄԵՆՔ ԵԶԱԿԻ ԵՐԿԻՐ ԵՆՔ

Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։

Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։

Մինչ օրս համարում էի, թե կա միայն մեկ վերջնական որոշում. ուժի մեջ մտած դատավիռը։ Ընդհանրապես կարծում էի, թե դատական իշխանությունը հենց դրա համար էլ համարվում է իշխանության անկախ ճյուղ, որը հաշվետու չէ ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ առավել ևս գործադիր իշխանությանը, որպեսզի նրան պատկանի վերջին խոսքը, այդ թվում նաև՝ այս կամ այն պետական կառույցի հետ քաղաքացու վեճում։ Որպեսզի գործադիր իշխանությունը չտրվի այն գայթակղությանը, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Եվ որ եթե, օրինակ, մարդուն հեռացնում են աշխատանքից, իսկ նա գտնում է, որ դա անարդարացի է, կարողանա դիմել դատարան ու փորձի վերականգնել իր իրավունքները։ Եվ եթե դատարանն ընդունում է նրա փաստարկները, ապա գործադիր իշխանությունն անզոր է. պետք է ենթարկվի դատարանի որոշմանը։

Դար էլ ապրես՝ սովորելու բան ունես։ Պարզվում է, որ ես իրավացի չեմ ։ Պարզվում է՝ իրավացի է Նիկոլը, իսկ ես սխալվում էի։ Քանզի Հայաստանը եզակի երկիր է։ Մեզանում վերջին խոսքը դատական իշխանությանը չի պատկանում։ Դատական իշխանությունը որոշել էր, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի կատարել Գլխավոր շտաբի պետի գործառույթները՝ մինչև վարչապետի որոշման հետ կապված իր վեճի վերաբերյալ դատարանի վերջնական որոշումը։ Սակայն գործադիր իշխանությունն ասաց. ո՛չ, դատարանը իրավացի չէ, դատարանը սխալվում է։ Դատարանը սխալ է մեկնաբանում օրենքը, դատարանը Սահմանադրություն չի կարդացել, մենք ճիշտ ենք մեկնաբանում, մենք ուշադիր կարդացել ենք Սահմանադրությունը։ «Օնիկ Գասպարյանն ազատված է աշխատանքից օրենքի ուժով»,- ասաց գործադիր իշխանությունը:

Անհասկանալի է մեկ բան. եթե գործադիր իշխանությունն է որոշողը, թե ում կողմում է օրենքը, ում կողմում է «օրենքի ուժը», ապա այդ դեպքում ինչի՞ համար է առհասարակ դատական իշխանությունը։ Ո՞ւր է տրամաբանությունը։ Ինչո՞ւ ենք մենք դատավորների այդպիսի բանակ պահում։ Այդքան ռեսուրսներ ծախսում դատարանների իբր անկախ գործունեությունն ապահովելու համար։ Ցրե՛լ բոլորին։ Թող ամեն ինչ որոշի գործադիր իշխանությունը։ Ով է իրավացի, ով՝ ոչ, ում կողմում է «օրենքի ուժը», ում կողմում՝ ոչ։ Ով է ճիշտ կարդում Սահմանադրությունը, ով՝ սխալ։ Ե՛վ փաստաբաններ այլևս պետք չեն լինի, և՛ իրավաբանական ֆակուլտետներ բուհերում: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ խնայողություն կլինի մեր ճաքճքած բյուջեի համար, եթե հրաժարվենք դատական իշխանությունից։

ԵՎ ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ։ Բոլորն արդեն վաղուց թքած ունեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Մեզ այնտեղ դիտարկում են որպես բացառիկ գիտափորձ, և բոլորին հետաքրքիր է, թե ինչ է լինելու ի վերջո այս փորձաճագարների հետ։ Բայց դա էլ բնավ ամնեակարևորը չէ։

Կարևորն այն է, որ մենք գիտենք, որ մեր երկիրը ժողովրդավարության բաստիոնն է, իսկ այն բանից հետո, երբ կցրենք դատավորներին, ժողովրդավարությունն ընդհանրապես կճառագի իր ողջ շուքով։ Եվ մենք կդառնանք ոչ միայն աշխարհում առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դա կմղվի երկրորդ պլան։ Քանի որ կդառնանք աշխարհում առաջին երկիրը, որտեղ ժողովրդավարության հաղթանակն ապահովվում է առանց քաշքշուկային դատական համակարգի։

Մենք իսկապես եզակի երկիր ենք ու եզակի ժողովուրդ։ Միայն մեզանում կարող է 3 տարի շարունակ իշխանության ղեկին լինել մի թիմ, որը մարմնավորում է բոլոր վատթարագույն հատկանիշները, որ կարող են լինել մարդու մեջ. ստախոսություն, ծախվածություն, ցինիզմ, ագահություն, իշխանության տենչ՝ ամեն գնով։ Միայն մեզանում կարող է երեք տարի շարունակ պետության ղեկին լինել մի մարդ, որը ձախողել է հնարավոր ու անհնար ամեն ինչ և շարունակում է հետևողականորեն փլուզել պետությունը։

Основная тема:
Теги: