Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը (տեսանյութ)

Հանրապետության նախագահը ու Մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան էջում:



Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ:

Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:

Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:

«Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը», – նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Նովոստի–Արմենիա