Արցախի թեմի առաջնորդ․ Դադիվանքը կարող էր Ղազանչեցոցի բախտին կարժանանար

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` եթե Դադիվանքն այս կարգավիճակում չլիներ, այսինքն` ռուս խաղաղապահների կողմից չհսկվեր, ապա այն հիմա ընդհանրապես չէր լինի, Ղազանչեցոցի և մյուսների բախտին կարժանանար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու դեպքին։

Հայտնել էինք, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Պատերազմի ավարտից մինչ օրս Ադրբեջանն ավերում և վերացնում է այն ամենն, ինչ քրիստոնեական և հայկական է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես հրադադարից հետո նրանք գետնին հավասարեցրին 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնը նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու` Կանաչ ժամի հետ»,–ասաց Սրբազանը։

Նախկինում, երբ դեռ հայկական կողմը չէր ազատագրել այդ տարածքները, այնտեղ քրդեր էին ապրում, որոնք մեր եկեղեցիներին ու վանքերին ձեռք չէին տալիս։ Իսկ ադրբեջանցիները, ըստ Վրթանես եպիսկոպոսի, միայն մեկ նպատակ ունեն` այն, ինչ ժամանակին «սխալվել» և թողել են կանգուն, հիմա պետք է ոչնչացնեն։

Նման դեպքերում Ադրբեջանին կանգնեցնելու համար Արցախի թեմի առաջնորդն այնքան էլ հույս չի կապում դրսի որևէ ուժի հետ։ «Մենք տեսանք` պատերազմի օրերին ինչպես էին ադրբեջանցիները վարվում մարդկանց հետ, հիմա ի՞նչ սպասենք նրանցից հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության առումով։ Սակայն նման պարագաներում, երբ հասնում են ատելության այս գագաթնակետին, նրանց գոռոզամտությունը և լկտիությունն այսպես անպատասխան չի մնալու` ի վերջո բումերանգի էֆեկտը գործելու է, և նրանք իրենց պատիժը ստանալու են»,–ասում է Սրբազանը։

Նա հավելում է, որ մենք էլ մեր կողմից պետք է մեծ դաս քաղենք` ճիշտ ապրելու, հետագան ճիշտ կարգավորելու համար։ Սրբազանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դեպի ապագա տանող մեր աստիճանը պետք է հենված լինի ազգայինի վրա, այլապես մենք կկորցնենք շատ բան։