ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՎԵԼ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԵՆ ԲԱՑՎԵԼ

Կառավարությունը հերթական անգամ «ճակատը զարկեց քարին»

Պաշտոնակատար Փաշինյանի կառավարությունը, չունենալով սեփական գաղափարներ ու ծրագրեր, գնալով ավելի հաճախ է օգտագործում նախորդ կառավարությունների նախագծերը, ընդ որում, որքան էլ պարադոքսալ է, չդադարելով մեղադրել նախկին իշխանություններին մահացու բոլոր մեղքերի մեջ։ Բայց մեկ բան է՝ վերցնել ուրիշի ծրագրերը, և միանգամայն այլ բան՝ այնպես աղավաղել, որ երբեմն դրանք վերածվում են ճիշտ հակադիր ինչ-որ բանի…

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասես մշտական մրցակցության մեջ լինի վարչապետ Փաշինյանի հետ, թե ով ավելի մեծ հիմարություն կբարբաջի։ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գյուղացիները հարստանան, և պարտադիր չէ՝ գյուղատնտեսական աշխատանքի հաշվին»,- սա նախարարի պաշտոնակատարի մտքի հերթական մարգարիտն է, որը կրճատման տակ ընկած մասնագետ-գյուղատնտեսներին ուղարկել է աշխատելու... թեթև արդյունաբերության և հյուրանոցային ծառայությունների ոլորտներում:

Հընթացս նախարարի պաշտոնակատար Քերոբյանը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում աշխատանքից ազատել է դրանցից յուրաքանչյուրի 10-ական մասնագետներից 7-ին։ Արդյունքում է՛լ ավելի է խորացել խորհրդատուների և ագրարային այլ մասնագետների առանց այդ էլ սուր պակասուրդը երկրի համար գերակա բնագավառում։ Շուտով գյուղացիները հաստատ «հարստանալու են»…

«Մենք օր ու գիշեր ուժեղացնում ենք մեր տնտեսությունը, որպեսզի մեր ապրանքները մրցունակ լինեն արտաքին շուկայում և անսասան լինեն երկրի ներսում»,- օրերս հայտարարեց Քերոբյանը, որն ընդ որում ժամանակ է գտնում համաճարակաբանական ոլորտում հետազոտություններ կատարելու համար, ինչի մասին շտապեց զեկուցել կառավարության հերթական նիստում: Իսկ կողքին նստել ու պապանձվել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ մասնագիտությամբ իրավաբան։ Ամեն ինչ խառնվել է «Օբլոնսկիների տանը»։

Ավելի քան 10 տարի շարունակ Հայաստանի կառավարություններն արդյունավետ կիրառել են 2010 թվականին մշակված մեխանիզմը, որով հարկային արտոնություններով աջակցել են հեռանկարային, հատկապես դեպի արտաքին շուկա ուղղված ձեռնարկություններին: Սակայն օրերս նախարարի պաշտոնակատար Քերոբյանը որոշեց, որ այդ ծրագրից վնասն ավելի շատ է, քան օգուտը։

Խոսքը, հիշեցնենք, մաքսատուրքերից ազատելու և ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգելու մասին է այն ընկերությունների համար, որոնք ներկրում են սարքավորումներ, հումք ու նյութեր և ընդ որում համապատասխանում որոշակի չափանիշների։ Լիովին գործող մեխանիզմը խրախուսում էր առաջատար հայկական ընկերություններին արդիականացնելու և ընդլայնելու իրենց ներկայությունն արտաքին շուկայում։ Խնդիրներ, որոնք, հարկ է նշել, անչափ կարևոր են Հայաստանի ներկայիս տնտեսության համար։ Կրկնենք. ծրագրի շահառու տնտեսվարող սուբյեկտների ընտրությունը կատարվում էր հատուկ մշակված հստակ չափորոշիչներով։

Սակայն, ինչպես ասում են, հիմարն աղոթելիս էլ ճակատը քարին կզարկի: Հենց սկզբից սպառազինության առնելով հեռանկարային մոդելը՝ Փաշինյանի կառավարությունը կարողացավ այդտեղ էլ այնպես ապականել ամեն ինչ, որ իրենց իշխանության գալուց առաջ անխափան գործող մեխանիզմը սկսեց լուրջ խափանումներ տալ։ Բանն այն է, որ շահառուների շրջանակում ներառված ընկերությունները հանձն էին առնում մի շարք ներդրումային պարտավորություններ. որոշակի ժամկետում ստեղծել նախանշված քանակի աշխատատեղեր՝ աշխատավարձի սահմանված մակարդակով, գործի մեջ կատարել որոշակի գումարի ներդրումներ և այլն: Ի՞նչ ունենք այսօր:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչպես օրերս հայտնեց Քերոբյանը, հավանաբար նկատի ունենալով Փաշինյանի կառավարման երեք տարիները, տարբեր տնտեսվարողներին տրվել է ավելի քան 150 նախորոշված հարկային արտոնություն։ Եվ ի՞նչ։ Ինչպես պարզել է նախարարի պաշտոնակատարը, շահառուների բացարձակ մեծամասնությունը, ստանալով արտոնությունները, չի կատարել իր ներդրումային պարտավորությունները։ «Խոստացած ներդրումները չեն արվել, աշխատատեղեր չեն բացվել, իսկ աշխատավարձերը խոստացածից ցածր են,- հայտարարեց Քերոբյանը կառավարության նիստում՝ հավելելով,- էկոնոմիկայի նախարարությունը կառաջարկի կրճատել քննարկվող ծրագիրը՝ նեղացնելով պոտենցիալ շահառուների շրջանակը»:

Այսպիսով, այսուհետ արտոնություններից կարող են օգտվել միայն այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց արտադրանքի ավելի քան 80%-ը կարտահանվի: Եվ չկար մեկը, որ հարցներ իր անհեթեթ հայտարարություններով սկանդալային համբավ վայելող նախարարի պաշտոնակատարին. իսկ ինչպե՞ս է ինքը պատկերացնում ազդարարվող «տնտեսության հզորացումը» և միաժամանակ արտոնությունների նշյալ մեխանիզմն օգտագործել ցանկացող ընկերությունների սահմանափակումը։ Իսկ գուցե ողջ խնդիրն այն է, որ կառավարությունը բավարար բանիմաց չէ՞ այդ գործընթացը լիարժեք վերահսկելու համար ։

Основная тема:
Теги: