ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԸ ՆԵՐԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ

Արդեն 15 տարի է, ինչ մարսելցի մեր հայրենակից Կարեն ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ բարձր է պահում Հայոց եռագույն դրոշը Ֆրանսիայում: Եվ դա պատահական չէ: Կարենի Վիքիպեդիայի էջում կենսագրության, կրթության, գործունեության, կյանքի հիմնական փուլերի մասին տեղեկությունից բացի նշված են նրա բազմաթիվ ուսուցիչների անունները, որոնցից յուրաքանչյուրը` դպրոցում, պարարվեստի ոլորտում, համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում իր կարևոր դերն է ունեցել Կարենի բազմակողմանի զարգացման մեջ, կերտելով իրենից պարող, ուսուցիչ իրավաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ և, վերջապես, հայրենասեր:

БЫЛО БЫ ВЕРНО ВОВЛЕЧЬ ДИАСПОРУ В ЖИЗНЬ АРМЕНИИԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ գիտակցում է մանկավարժության կարեվորությունը, հատկապես օտար երկրում, որտեղ մեծ է ուծացման և ազգային արմատներից կտրվելու վտանգը: Ֆրանսիա տեղափոխվելուց հետո նա գրեթե անմիջապես ակտիվ աշխատանք ծավալեց Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանում, որի ղեկավարությունը ստանձնեց 2016 թ. և կարողացավ աշակերտների թիվը 8-ից հասցնել 200-ը: Կարենի քրտնաջան աշխատանքի շնորհիվ կիրակնօրյա վարժարանի ծրագիրը հարստացավ զանազան առարկաներով: Այսօր այն ներառում է հայոց լեզու, գրականություն, եկեղեցու պատմություն, երգ, այդ թվում երգչախմբային, ազգային պար, դաշնամուր, նկարչություն, շախմատ առարկաները: Այս ծավալուն աշխատանքը վարժարանի ամբողջ կոլեկտիվը իրականացնում է մեծ նվիրատվությամբ, որպեսզի փոքրիկ Հայաստանը վառ մնա Ֆրանսիայի սրտում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները ոչ միայն բազմակողմանի զարգացման հնարավորություն ունենան, այլև առաջին հերթին հայ մնան, - նշեց Կարեն Խուրշուդյանը: - Որպես Սփյուռքի ներկայացուցիչ` ես իմ պարտքն եմ համարում պահպանել և փոխանցել սերունդներին հայոց պատմությունը, մշակույթը, լեզուն, անել ամենինչ, որպեսզի նրանք ապրեն խաչքարերն ու Արարատը հիշելով: Հսկայական Ֆրանսիայում՝ իր 70 միլիոն բնակչությունով, դժվար է պահպանել ազգային ինքնությունը, բայց ես փորձում եմ փոխանցել աշակերտներին իմ ամբողջ սերը դեպի մեր հայրենիք, խոսում եմ հայկական արմատները պահպանելու կարևորության մասին և նրանց մեջ հայրենասիրություն սերմանում»:

Կարենը վերջերս այցելեց Հայաստան, որտեղ ներկայացրեց իր առաջին գիրքը՝ «Աստծո Ոստան» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն: Այն լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը: Գրքի շապիկին՝ ճերմակ Արարատն է և հունական՝ հաղթանակի աստվածուհի Նիկեի մարմարե քանդակը: Ըստ հեղինակի, այս ձևավորումը նպատակ ունի հայ ժողովրդին ավելի մոտեցնել ապագա հաղթանակին, որին Կարենը անվերապահորեն հավատում է:

«Ես ծնվել եմ Էջմիածին-Վաղարշապատ քաղաքում, ավարտել եմ թիվ 1 դպրոցը, որն այժմ կրում է մեծն Մեսրոպ Մաշտոցի անունը: Գերազանց ավարտել եմ Արմավիրի և Երևանի Հյուսիսային համալսարանների իրավաբանական ֆակուլտետները: Հետո եղել եմ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցող: Դպրոցական տարիներին ուսանել եմ պարարվեստի դպրոցում, հաղթել տարբեր մրցույթներում: Այնուհետև հանդես եմ եկել «Զվարթնոց» համույթի կազմում, իսկ երբ համույթի ղեկավար Իրինա Սարուխանյանը մեկնեց ԱՄՆ ես փոխարինեցի իրեն, - իր մասին պատմեց Կարեն Խուրշուդյանը: - Պարային ծրագրերով տեղափոխվեցի Ֆրանսիա, որտեղ դարձա հայկական համայնքի մի մասնիկ մաեստրո Վանուշ Խանամիրյանի շնորհիվ: Նա ներկայացրեց ինձ որպես հայկական պարերի նոր ուսուցիչ: Վ.Խանամիրյանը նաև պահանջեց, որպեսզի ես շարունակեմ իր գործը և Ֆրանսիայում բեմադրեմ իր հեղինակային պարային համարներից մեկը՝ «Էշխեմետը»: Այս բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այլ նաև Բուլղարիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում:

Карен ХуршудянՍերը գրականության հանդեպ Կարենի հոգում ծագեց դեռ պատանի տարիներին: Դա, ասես, գաղտնի մի աշխարհ էր՝ թաքնված ուրիշներից, նրա անձնական տարածքը, որտեղ մուտքը խստորեն սահմանափակ էր: Առաջին քայլերը պոեզիայում նա արեց դեռ դպրոցի և հետո համալսարանի տարիներին, ստեղծելով ընկերներին և ուսուցիչներին նվիրված ակրոստիքոսներ: Ֆրանսիայում Կարենը շարունակում էր գրել, բայց կրկին իր համար: Մի անգամ մի դեպք ստիպեց նրան լուրջ խորհել Աստծուց իրեն տրված այս շնորքի մասին: Երբ մի քանի տարի առաջ Ֆրանսիայում չընդունվեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատժի մասին օրենքի նախագիծը, Կարենը վրդովվեց և իր ձեռագիր տետրերից մեկը նետեց բուխարի: Թուղթը բռնկվեց, և հանկարծ բացվեց մի էջ, որտեղ Կարենը հասցրեց կարդալ հետևյալ տողը՝ «Թող ինձ էլ ներվի այս մեղքը»: Նույն օրը նա հասկացավ, որ պետք է լուրջ զբաղվի գրականությամբ:

Խուրշուդյանի բանաստեղծությունները հասու դարձան ընթերցողին անցյալ տարի, երբ սկսվեց քովիդային համաճարակը: Բոլորի պես տանը փակված, նա որոշեց հրապարակել իր պոեզիայի նմուշներից: Բանաստեղծությունները մեկ առ մեկ սկսեցին հայտնվել իր ֆեյսբուքյան էջում, օրեցօր ավելի շատ ընթերցողներ ձեռք բերելով: Ի վերջո, Կարեն Խուրշուդյանի պոեզիան, ինչպես երևանյան շնորհանդեսին նշեց ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, հավաքել է իր մեջ «ամբողջ աշխարհի թթխմորը»:

«Ինձ ոգեշնչեցին տարբեր երկրների պատմությունները, մշակույթը, խորհրդանիշները՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հունաստանի և այլն: «Սամոթրասի Նիկա» պոեմում ես վերհանեցի Նիկեյի մարմարե արձանի պատմությունը, որը 1863 թ. Սամոթրակիա կղզում հայտնաբերել է ֆրանսիացի Շառլ Շամպուազոն: Այժմ այն գտնվում է Լուվրում: Մարմարե Նիկեն կարծես հավերժ մի կերպար է, ստեղծված սերունդներին ոգեշնչելու և նոր իդեալներ ստեղծելու համար: Իմ մեկ այլ բանաստեղծություն` «Աբովյան, Ոդիսական մեր հայոց» կյանքի հավերժության մասին է: Աբովյանը կենդանի է, քանի դեռ աշխարհում կան հայեր և հայոց լեզու, - բացատրեց Կարենը, նշելով, որ, ըստ Ա. Դոլուխանյանի, այս բանաստեղծությունը պետք է ներառվի դպրոցական և համալսարանական «Հայ գրականություն» դասագրքերում, որպեսզի սերունդներ կրթի: - «Ապրիլ, դու մեր Գողգոթան ես» պոեմում ես ընթերցողին տանում եմ դեպի այն ​​գաղափար, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը խաչելության սար է դարձել մեր ժողովրդի համար: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Մեծ եղեռնը վերապրածներից որոշների հետ: Ցավոք, նրանցից երկուսն այլևս մեզ հետ չեն, բայց ես ուրախ եմ, որ նրանց պատմությունները հասցրեցի գրի առնել»:

Կարեն Խուրշուդյանի երկու բանաստեղծություններ՝ շնորհիվ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի արդեն երգերի են վերածվել: Ընթացքում Է Միլենա Մութաֆյանի երգը՝ գրված «Աստծո Ոստան» գրքի բանաստեղծություններից մեկի բառերով: Երգերն արդեն հնչել են անվանի երգիչների կատարմամբ: Ի դեպ, Կ.Խուրշուդյանի երկրորդ գիրքն արդեն տպարանում է, երրորդը խմբագրման ընթացքում: Չի բացառվում, որ շուտով Կարեն Խուրշուդյանը իր նոր գրքերի շնորհանդեսը կազմակերպի:

«Իմ բոլոր գրքերը պետք է լույս տեսնեն Հայաստանում, հետո նոր կներկայացվեն Սփյուռքում և, իհարկե, Մարսելի մեր վարժարանում: Ես երջանիկ եմ, որ մասն եմ կազմում այս հոյակապ կրթական օջախի, որտեղ բոլորը՝ տարեց թե երիտասարդ սիրում և հարգում են միմյանց, գնահատում են միմյանց աշխատանքը: Մենք բոլորս սպիտակ ձիերով Ավարայրի Վարդաններ ենք, պատրաստ մեր գիտելիքներն ու փորձը փոխանցելու մատաղ սերնդին, նրանց դաստիարակելով հայեցի՝ ազգային հայացքների, մտածողություն և կրթության տեր: Համոզված եմ. եթե այսօր վար դնեմ ղեկավարի մանդատը, վարժարանը մեկ է կշարունակի զարգանալ, քանզի ես կարողացա այն ճիշտ ուղու վրա դնել: Իմ երկարաժամկետ ծրագիրն է այս կիրակնօրյա կրթօջախը դարձնել ամենօրյա՝ ամեն ինչ կախված է լուրջ ֆինանսական ներդրումներից: Սահմանափակ պետական ​​սուբսիդիան բավարար է դեռ միայն մեկօրյա վարժարանի նվազագույն ծախսերը ապահովելու համար»:

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից Կարեն Խուրշուդյանը լծվել է նաև հայրենանպաստ այլ աշխատանքի՝ մարդասիրական օգնություն ուղարկելուն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին, զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին: Չարաբաստիկ սեպտեմբերի 29-ից սոցիալական ցանցերում նա առաջնագծի և թիկունքի համար օգնության կոչ արեց, հավաքելով այս գործի շուրջ բազում ֆրանսահայերի: Իր սոցցանցերի բազմաթիվ ընկերները անտարբեր չմնացին իրենց պատմական հայրենիքում տեղի ունեցածի նկատմամբ: Ըստ Կարենի, ուղարկում էին ով ինչ կարող էր՝ հայ զինվորներին անհրաժեշտ դեղեր, հեռադիտակներ, ուսապարկեր, քնապարկեր և այլն, կազմակերպում էին իրերի առաքումը Երևան: Ֆրանսիայում հայերից ոմանք բանկերից վարկեր էին վերցնում `Հայաստանին և Արցախին օգնելու համար:

«ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑ, ՈՎ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐՆԵՐԸ՝ Ֆրանսիայում պարետային ժամի և համաճարակի պայմաններում, հազարավոր կիլոմետրեր էին կտրում ամեն ինչ մեզ հասցնելու համար՝ առաջին անհրաժեշտության իրերից սկսած մինչև տուփեր, օգնում էին փաթեթավորել օգնությունը և ուղարկել Հայաստան: Շնորհակալություն Ֆրանսիայի տեղական իշխանություններին, որոնք նույնպես օգնեցին բեռնափոխադրման հարցերում: Միասին մենք կարողացանք մեր ժողովրդի կողքին լինել այդ դժվար օրերին», - ասաց Կարեն Խուրշուդյանը և շարունակեց. «Ես շատ եմ ուզում, որ այս միասնությունը ավելի հզորանա թե Հայաստանում, թե Սփյուռքում, որը այսօր, ցավոք, բաժանված է երկու հիմնական մասի՝ ներկայացուցչական մարմնի և իրական համայնքի: Մենք շատ ջանքեր ենք գործադրում օգնելու ԽՍՀՄ փլուզումից հետո Ֆրանսիա գաղթած մեր հայրենակիցներին, որպեսզի իրենք իրենց արժանի տեղը գտնեն Սփյուռքում: Այնուամենայնիվ, ես ամեն անգամ արցունքներով եմ դիմավորում մեր վարժարան եկած նոր հայ երեխաների: Չէ՞ որ իրենք կտրվում են հայրենիքից: Ես շատ եմ ուզում մի օր սերիալների փոխարեն տեսնել եթերում հայրենասիրական հաղորդումներ, սփյուռքի մասին հաղորդաշարեր, որոնք կներկայացնեն իրական կյանքը օտարության մեջ: Հուսամ դա կօգնի կանխել մեր ժողովրդի արտագաղթը»:

Կարեն Խուրշուդյանը նշեց, որ իր առաքելությունը դեռ Մարսելի հետ է կապված, որտեղ նա առաջնորդեց հայությունը և տարավ ազգային ինքնության պահպանման համար պայքարի ճանապարհով:

«Ես կցանկանայի տեսնել Հայաստանում նոր իշխանության ինստիտուտի ձևավորումը՝ ազգային համագումարի, կոնգրեսի տեսքով, - ասաց Կարենը, - որպեսզի տարբեր երկրներում Հայաստանի հյուպատոսություններում և դեսպանություններում կատարվեն ընտրություններ, և ամեն 30-50 հազար հայաբնակ օջախներում ընտրվեն կոնգրեսականներ, ՀՀ ԱԺ-ի և կառավարության հետ ձևավորեն ՀՀ Կոնգրեսը, որը լինի բարձրագույն կոնսուլտատիվ օրգան և Սփյուռքից ոչ միայն ֆինանսներ, աշխատատեղ կամ ներդրում ակնկալի, այլև օգնի Սփյուռքին դառնալ Հայոց պետության ռեալ մասնակից և պետության համար պատասխանատվություն կրող։ Հայաստանն էլ իր հերթին պետք է մեծ ներդրումներ անի համայնքներում իրենց հզորացնելու, այնտեղ ազգային դպրոցներ բացելու համար։ Միայն համայն հայոց միասնության դեպքում մենք կկարողանանք բարձունքների հասնել և հաղթանակներ արձանագրել»:

Основная тема:
Теги: