Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՐՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին, որն առնչվում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` խիստ կարևոր այդ բանաձևը ոչ միայն ամփոփ կերպով անդրադառնում է ռազմագերիների խնդրին տարբեր իրավական, հումանիտար, միջազգային քաղաքական ասպեկտներով, այլև ներառում է հայ–ադրբեջանական սահմանին գրանցված վերջին իրադարձությունները։

Ըստ նրա` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻԵԴ–ում աշխատող և մեր ռազմագերիների շահերը ներկայացնող իրավաբանների խումբը նախապես հսկայական աշխատանք է կատարել այդ հիմքը ստեղծելու համար, և քաղաքական գործիչներն ունենալով այդ հսկայական նյութը, որը վկայում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խայտառակ խախտումների մասին` կարողացել են հարցը դարձնել եվրոպացի խորհրդարանականների ուշադրության առարկա։

«Բավականին լուրջ, համապարփակ և խիստ բանաձև է ընդունվել, որը լավ քաղաքական հիմք է ռազմագերիների վերադարձը Հայաստան ապահովելու տեսակետից, միջազգային ճնշումն այդ հարցում Ադրբեջանի վրա ուժեղացնելու առումով։ Առանց ճնշման Ադրբեջանը մեր ռազմագերիներին չի վերադարձնի կամ էլ այդ քայլին կգնա մեզանից մեծ զիջումներ կորզելու դեպքում, այսինքն` «մարդ հողի դիմաց» սկզբունքով, ինչը փորձում է անել Ալիևը»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի համոզմամբ` մեզ համար շատ կարևոր է մեր քաղաքացիների կենդանի մնալու և ողջ–առողջ իրենց օջախներ վերադառնալու հավանականությունը կտրուկ բարձրացնելն ու այդ ուղղությամբ միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա շարունակելը։ Ըստ նրա` եթե Ադրբեջանը չկատարի այս բանաձևի պահանջը, այդ դեպքում պետք է անցնել երկրորդ փուլին` հորդորելով եվրոպական հանրությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավունքների խախտման հիմքով, ինչը որակյալ արդյունք ապահովող գործիք կլինի, առավել ևս, որ Արևմուտքն, ըստ ՀՀԿ փոխնախագահի, պարտք է Հայաստանին, քանզի 44-օրյա պատերազմի ժամանակ Արևմուտքը անհողդողդ էր ծավալվող իրադարձությունների նկատմամբ։

Sputnik Armenia