Արթուր Վանեցյան. «Ճգնաժամ», «սնանկացում» բառերը դառնալու են շատ հաճախ գործածվող

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքն այսօր հրավիրել է փորձագետների մասնակցությամբ երկրորդ կլոր սեղան-քննարկումը։ Այս անգամ օրակարգում տնտեսական հարցերն են։ Հիշեցնենք, որ նախորդ քննարկումը Հայաստանի անվտանգային հարցերի շուրջ էր, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն։

«Մենք փորձագետների հետ քննարկումների արդյունքում եկանք այն համոզման, որ ունենք խաթարված անվտանգային համակարգ, այն օր առաջ պետք է վերականգնվի, մեր հայրենակիցներին պետք է տրվեն անվտագային միջավայրի երկարաժամկետ երաշխքիներ։ Բայց անվտանգային համակարգի վերականգնման համար մենք պետք է ունենանք զարգացած, մրցակցային տնտեսություն»,-քննարկման բացման խոսքում ասաց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ, դրա մաս կազմող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Փաշինյանի իշխանության օրոք որոշ ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած, ապա սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատված Վանեցյանն ասաց՝ երեք տարի առաջ իշխանության եկան մարդիկ, որոնք խոստացան աշխատավարձների, թոշակների բարձրացում, կախարդական փայտիկի միջոցով տնտեսության բարեփոխում, մինչդեռ հիմա ունենք հակառակ պատկերը։

«Թոշակների, աշխատավարձերի էական բարձրացում չեղավ։ Մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պարտքն ավելացավ շուրջ մեկ մլրդ դոլարով, իսկ այդ գումարներն օգտագործվեցին անարդյունավետ։ Սա մասնագետների գնահատականն է։ Այդ մեկ մլրդ դոլարն այս իշխանություններն օգտագործեցին թոշակներ ու աշխատավարձներ, պարգևաևվճարներ բաժանելու համար, այն չի օգտագործվել հավելյալ արժեք ստեղծելու համար։ Այդ պարտքի վերադարձի ծանր բեռը մնալու է մեր սերունդների ուսերին»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուն։

Վանեցյանը մի քանի տնտեսական ցուցանիշ ու միտում ներկայացրեց՝ 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն գրանցվել է ՀՆԱ-ի 7 տոկոսից ավելի անկում, առկա է դրամի արժեզրկում, չկան ներդրումներ։

«Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանում այսօր տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առջև։ Առաջիկա ժամանակներում «ճգնաժամ», «սնանկացում» բառերը, ցավոք սրտի, դառնալու են շատ հաճախ գործածվող»,-նշեց նա։

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են Հայաստանում ամերիկյան համալսարանի գործառնության ու տնտեսագիտության ֆակուկտետի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալեքս» ընկերությունների խմբի ֆինանստանտեսական հարցերով փոխնախագահ Վարդան Արամյանը, «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների ղեկավար Սոնա Ղարիբյանը, Էկոնոմիկայի նախկին նախարար, Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան Գարեգին Մեքոնյանը, ՀՀԿ-ական գործիչ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը, և ոլորտի այլ մասնագետներ, տեղեկացնում է Panorama.am-ը։