ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԶՐԿՎԵԼ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻՑ

Վերջին տարիներին մեզ բոլորիս թվում էր, թե այլևս չի կարող պատահել այնպիսի բան, որը կգցի մեզ շոկային վիճակի մեջ, կցնցի ավելի ուժեղ, քան այն, ինչ մենք արդեն վերապրել ենք։ Չէ՞ որ կապիտուլյանտների իշխանության բնավ ոչ թեթև ձեռքով մենք ամենքս արդեն մինչև կոկորդը կուշտ ենք արտառոց հայտարարություններից, արարքներից, նրանց ձեռնարկած կամ սադրած իրադարձություններից:

Սակայն Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից մեր վեց զինծառայողների գերեվարման մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը անցավ ամեն չափ ու սահման: Դա բացարձակ աներևակայելի փաստ է, որը վկայում է«Հայաստան» անունով երկրում պետական բոլոր ինստիտուտների լիակատար կաթվածահարության մասին։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է առևանգված զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանք պայմանագրային զինծառայողներ են, որոնք ինժեներական աշխատանքներ էին իրականացնում: Ադրբեջանական գերության մեջ են հայտնվել Ա.Ն. Աբգարյանը, Ի.Ա.Սարգսյանը, Վ.Վ.Սարգսյանը, Բ.Ս.Օհանյանը, Ա.Գ.Բուդոյանը, Վ.Օ.Ռաֆայելյանը: ՀՀ ՊՆ-ն նաև հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե գերեվարման պահին հայ զինծառայողները գտնվել են ադրբեջանական տարածքում և ձերբակալվել իբր սահմանը հատելու փորձի ժամանակ: Այսինքն նման քայլի դիմել հանդգնած Ադրբեջանը հերթական անգամ փորձում է ներկայացնել մեր զինծառայողներին իբրև «դիվերսանտներ», այն դեպքում, երբ հայերը գերեվարվել են իրենց տարածքում։ Բացարձակ արտառոց, աներևակայելի փաստ։ Մինչնիկոլյան ժամանակներում, «նախկինների» օրոք նման բան նույնիսկ սարսափելի մղձավանջում ոչ ոք տեսնել չէր կարող։

«Երևի մենք բոլորս մեռել ենք ու արդեն դժոխքում ենք...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Առանց չափազանցության, հենց այդպիսի զգացողություն հերթական անգամ առաջացավ այսօր մեր բազմաթիվ հայրենակիցների մոտ, ինչը միանգամայն հասկանալի է և դառնում է սովորական երևույթ։ Քանզի երկիրը կառավարում է կապիտուլյանտը, և այն ամենը, ինչն անհնար էր անվերապահորեն, իրականություն է դարձել։ Այսօրվա հրեշավոր իրականությունը ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի տարածքում ադրբեջանցիների կողմից գերեվարված վեց հայ զինվորներն են։

Այս իրադարձությունների առնչությամբ գրչակից ավագ գործընկերներս հիշեցին 30 տարվա վաղեմության մի հետաքրքիր փաստ։ 1990թ. հունվարի 9-ին Շահումյանի շրջանի ղեկավար Վլադիմիր Աղաջանյանը և շրջանի այլ ղեկավարներ, ընդհանուր թվով 19 մարդ, թաղումից վերադառնալիս պատանդ վերցվեցին ադրբեջանցիների կողմից։ Գերության մեջ էին բավական երկար ժամանակ, չէր հաջողվում ազատագրել նրանց։ Այդժամ հնարամիտ ղարաբաղցիները հաջող հնարք բանեցրին. գերի վերցրեցին ադրբեջանցի մոլլային, որին հաջողությամբ փոխանակեցին պատանդների հետ։ Որեմն գուցե հիմա՞ էլ սպառազինության առնենք այդ արդյունավետ փորձը։ Քանի որ այլ մեխանիզմները չեն գործում, գերեվարենք ավելի մեծ թվով ու ավելի բարձրաստիճան ադրբեջանցիների և փոխանակենք մերոնց հետ։ Դե, իսկ ադրբեջանցիներն այսօր մեր տարածքում առավել քան շատ են։ Որքան հայտնի է, մոտ 1000 մարդ. գերի վերցրու՝ ինչքան մտքովդ անցնի։ Ի դեպ, Հայաստանի տարածք նրանց ներթափանցման առաջին իսկ օրվանից հենց դա են պահանջում հայ գերիների հարազատները։ Գերեվարել նրանց, ովքեր լկտիաբար համարձակվել են հատել մեր սահմանը, և փոխանակել հայերի հետ։

Արդար պահանջն անտեսված մնաց Ադրբեջանի դուդուկի տակ պարող կապիտուլյանտների իշխանության կողմից։ Վերջնականապես լկտիացած թշնամուն տեղը դնելու համար գուցե ինչ-որ մեկի մտքով անցնի՞ գերեվարել ադրբեջանցիների, կարևոր չէ, թե որտեղ։ Եթե ոչ Հայաստանում, ապա այլ երկրում։ Դրան էլ կարող են հասցնել կապիտուլյանտները։ Եվ ինչո՞ւ է մինչ օրս իր պաշտոնում մնում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որին, հիշեցնենք, ժամանակին խայտառակ կերպով զրկելով պաշտոնից և ուսադիրից, աշխատանքից հեռացրեց Ռոբերտ Քոչարյանը։ Փոքրիշատե համարժեք ղեկավարություն ունեցող ցանկացած երկրում վաղուց արդեն «գլուխներ կթռչեին» ՊՆ-ի և Գլխավոր շտաբի ղեկավարությունում, որը միանգամայն ակնհայտորեն չի կարողանում կատարել իր պարտականությունները: Ինչի՞ համար են, մի հարցնող լինի, նրանք նստած այնտեղ։

Ո՞ր է Գլխավոր դատախազությունը, ի՞նչ է մտածում նա։ Չէ՞ որ սեփական երկրում իրենց ենթակաների անվտանգությունն ապահովելու անընդունակ բանակային ղեկավարներին պետք է ոչ միայն զրկել պաշտոններից, այլև պատժել։ Քրեական գործեր հարուցել և դատել օրենքի ողջ խստությամբ։ Իսկ մենք շարունակ ինչ-որ բանի ենք սպասում։ Հավանաբար, սովորականի պես, խաղաղապահների ղեկավար գեներալ Ռ. Մուրադովի միջամտությա՞նը:

Իսկ երկրում ընթանում է ակտիվ նախապատրաստություն ընտրություններին։ Ո՞վ և ե՞րբ է վերջ տալու տեղի ունեցող խայտառակությանն ու խելագարությանը։