ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուսով է, թե իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհավաքի ձայների 60 տոկոս: Այդ մասին նա հայտարարել է մայրաքաղաքի վարչական երեք շրջաններում կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը, քանի որ հենց դա է այն նշաձողը, որը թույլ կտա ի չիք դարձնել բոլոր դավադիր ծրագրերը Երրորդ Հանրապետության դեմ», - նշել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այո, համաձայնենք Հայաստանի նախկին վարչապետի հետ, բայց մի փոքրիկ շտկումով. «Քաղաքացիական պայմանագրի» կողմից որոշակի նշաձողի չհաղթահարումն է, որ թույլ կտա ի չիք դարձնել դավադիր բոլոր ծրագրերն ընդդեմ Երրորդ Հանրապետության: Եվ մի բան էլ հավելենք մեր կողմից. հենց ՔՊ-ն է ամենամեծ դավադրությունն ընդդեմ Երրորդ Հանրապետության։ Թեպետ, սա՝ այնպես, իմիջիայլոց։ Եվ իմիջիայլոց էլ ընդգծենք նաև, որ հայոց կառավարության նախկին ղեկավարը, որը դեռևս 3 տարի առաջ ասում էր Սերժ Սարգսյանին, թե նա կտրված է իրականությունից, այսօր կարծես թե ինքն է վերջնականապես կտրվել իրականությունից և ապրում է զուգահեռ աշխարհում։ Մարդիկ իրեն անվանում են դավաճան, իսկ նա 60 տոկոս աջակցություն է ակնկալում։

Այդուհանդերձ Նիկոլի այդ հայտարարությունը թերագնահատել չարժե։ Քանի որ իրականում դա ծրագիր է, հանձնարարական ՔՊ-ի շտաբներին, ԿԸՀ-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ոստիկանությանը։ Բոլոր նրանց, ովքեր պարտավոր կլինեն կեղծել ու նենգափոխել, կաշառել ու վախեցնել ընտրողներին։ Բացի այդ, դա կարծես թե Նիկոլի արձագանքն է այն բանին, որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը արդեն այսօր պաշտոնապես և հրապարակավ հրաժարվում են Նիկոլի թիմի հետ հնարավոր կոալիցիոն դաշինքից։ Բայց կարևորը նույնիսկ դա չէ։ Շատ ավելի կարևոր է այն, որ 60-տոկոսանոց աջակցության մասին Նիկոլի անուրջները պետք է ընկալել ոչ թե որպես նախընտրական հայտարարություն, այլ որպես հետընտրական սցենար։ Հենց այդ տեսանկյունից է, որ Փաշինյանի հերթական զառանցանքն արժանի է ուշադրության։

Հայ հասարակության նույնիսկ ներկայիս ծանրագույն բարոյահոգեբանական վիճակի, պողոսների ու թափթփուկների մեծ բանակի առկայության պայմաններում պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե երկրում կգտնվի շուրջ 700 հազար քաղաքացի, որոնք պատրաստ են իրենց ձայնը տալ նրանց, ովքեր թշնամուն են զիջել Արցախն ու Հայաստանի տարածքները, ովքեր ավելի քան 5000 մարդ են կոտորել ու կրկնակի ավելի մեծ թվով մարդկանց խեղել պատերազմում, ավելի քան 5 հազար կյանք զոհաբերել կորոնավիրուսին, փլուզել պետությունն ու բանակը... Բայց Փաշինյանին դա պետք էլ չէ, նրան բավական է նույնիսկ 300 հազար ձայն, որպեսզի հայտարարի հաղթանակի մասին։

ԱՅՍՏԵՂ ՄՏՈՎԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ 2008 ԹՎԱԿԱՆ։ Այն ժամանակ, նախագահական ընտրությունների արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 350 հազար ձայն, մինչդեռ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր 860 հազար։ Բայց նույնիսկ այսպիսի՝ գրեթե եռապատիկ տարբերությունը չխանգարեց Տեր-Պետրոսյանին հաղթող հայտարարել իրեն, «Մարտի սարքել, որտեղ Փաշինյանը կատարեց բախումների գլխավոր սադրիչի խնդիրը։ Նշենք նաև, որ ընտրություններում իր հաղթանակի մասին Տեր-Պետրոսյանի այդչափ լկտի սուտը 10 տարի անց տեղ գտավ Ռոբերտ Քոչարյանի դեմ նույն Փաշինյանի պատվերով հարուցված քրեական գործում։ Ահա ուրեմն, Փաշինյանը ջախջախիչ պարտությունը որպես անվերապահ հաղթանակ ներկայացնելու հարուստ փորձ ունի։ Ի դեպ, նա բազմիցս ջանացել է նման մի բան անել նաև 44-օրյա պատերազմի արդյունքներով։

Կարելի է չկասկածել, որ նույնիսկ եթե ՔՊ-ն ընտրություններում հավաքի 6% (օբյեկտիվորեն ավելին ակնկալել չի կարող՝ առանց վարչական ռեսուրսի), Փաշինյանը կհայտարարի, թե իրենից ուզում են գողանալ 60-տոկոսանոց հաղթանակը և փողոց դուրս կբերի կողմնակիցներին։ Հենց դրա համար է նա սկսում հող նախապատրաստել այսօր։ Ուստի ակնհայտ է, որ Հայաստանում իշխանության հարցը նույնիսկ հունիսի 20-ից հետո լուծվելու է փողոցում։ Ակնհայտ է, որ ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում Նիկոլն ու իր թիմը հոժարակամ չեն հեռանալու, դիմադրելու են մինչև վերջին ուսապարկը։

Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը սկսում են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Դա ճիշտ է, դա կարծես թե նորմալ է։ Բայց դժվար թե արդիական է, քանի որ Նիկոլը բոլորին պարտադրել է կանոններից զուրկ խաղ և արդեն այսօր հաղթող հայտարարել իրեն այդ խաղում։ Հեռանալ նա ակնհայտորեն մտադիր չէ ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում նա չի ընդունի իր պարտությունը։ Այնպես որ նիկոլականությունից երկիրը սրբել-մաքրել ամեն դեպքում հարկ կլինի փողոցի միջոցով։ Եվ այստեղ ծագում է մի պարզ հարց. արժե՞ արդյոք սպասել հունիսի 21-ին, և գլխավորը՝ որքա՞ն կորուստներ են սպասվում Հայաստանին այս երեքշաբաթյա սպասման ընթացքում։

Основная тема:
Теги: