ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՌԻՍԿԻ ՉԵՆ ԵՆԹԱՐԿԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Փորձագետը խոսում է իսլամական ահաբեկիչների մասին

Գեղարքունիքում պայթյունավտանգ իրավիճակ է. այդ մասին նախազգուշացնում են ռազմական փորձագետները: Ադրբեջանցիներն ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են տանում, ամրացնում դիրքերը, ընթանում է կենդանի ուժի կենտրոնացում։ Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը կանոնավոր հետախուզական թռիչքներ են իրականացնում Հայաստանի համայնքների վերևում։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը օրերս մեկնաբանեց Փաշինյանի այցը Կութ համայնք, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ օպտիկական նշանառության հասանելիության շառավղում: «Ես եղել եմ այդ տարածքում, սաղավարտով ու զրահաբաճկոններով ենք եղել5-6 հոգով նույն տեղում չենք գտնվել»,- ասաց նա:

Փորձագետի գնահատմամբ՝ Գեղարքունիքը բռնազավթած ադրբեջանցի զինվորականներն իրականում իսլամական ահաբեկիչներ են, որոնք հայկական տարածքում իրենց պահում են ինչպես իրենց տանը: Ի դեպ, Փաշինյանի այցից հետո համայնքի մուտքը փակել են նրանց համար, ովքեր տեղի մշտական բնակիչ չեն։ Այցի արդյունքներով Փաշինյանը ոչ մի կառուցողական բան չբարբառեց։ «Հզոր» մտահանգումն այն մասին, թե ձյունածածկ լեռնային բարձունքներում սահմանապահների կարիք չկա, հաշվի մեջ չէ։

Մի քանի օր առաջ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին Վարդենիսում մի երեխա խորհուրդ էր տվել տեղում չկանգնել, քանի որ ադրբեջանցիները կրակում են 150 կմ-ից։ Վերադառնալուց հետո Ուրիխանյանը հանդես եկավ խորհրդարանի արտագնա հատուկ նիստ գումարելու առաջարկով՝ միջազգային հանրության ուշադրությունը Գեղարքունիքի իրադարձությունների վրա հրավիրելու նպատակով: Պատգամավորը պահանջեց արտագնա հատուկ նիստ անցկացնել այնտեղ, որտեղ ադրբեջանցիները գերի են վերցրել վեց հայ զինծառայողներին: Նիստի արդյունքում պետք է ընդունվի հատուկ բանաձև, որը կուղարկվի ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Նախաձեռնության ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, արտագնա նիստը տեղի չի ունենա պատգամավորների անվտանգության նկատառումներով, քանի որ անձնական անվտանգության մասին նրանք շատ ավելի են հոգում, քան բռնազավթված համայնքների բնակչության անվտանգության:

Տեղ համայնքի բնակիչների ճակատագրի մասին չեն խոսում ու չեն հարցնում…

Չէր խանգարի արտագնա նիստ անցկացնել նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Այս վարչական միավորի տարածքում է գտնվում «ԳԱ»-ի նախորդ հրապարակումներից ընթերցողներին ծանոթ Խոզնավար համայնքը, որի բնակիչները զենք են պահանջում իշխանություններից, որպեսզի պաշտպանեն իրենց տները։

Օրերս համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը հաղորդեց, որ տղամարդիկ շուրջօրյա հերթապահում են գյուղում, ցանքի աշխատանքներ չեն անցկացվում, չկա ո՛չ արոտավայրերից օգտվելու, ո՛չ էլ հող մշակելու հնարավորություն:

Մայիսի 20-ին ադրբեջանցիները հատել են Խոզնավար համայնքի սահմանը, և այդ պահից ի վեր ծայրահեղ լարված իրավիճակ է տիրում բռնազավթված տարածքի շուրջ։ Պաշտոնական Երևանը դրան ոչ մի կերպ չի արձագանքում։ Մարդիկ ապրում են իրենց տուն ադրբեջանցիների ներխուժման ամենօրյա վախի մեջ, իսկ Փաշինյանը, որն անձնական պատասխանատվություն է կրում սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի համար, քարոզչություն է վարում՝ շրջանցելով բռնազավթված տարածքների հետ կապված հարցերը։

Նրա օրինակին են հետևում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, սահմանամերձ համայնքների ճակատագրի նկատմամբ նրանց անտարբերությանը նպաստում են զանգվածները, որոնք կապիտուլյանտի հետ հանդիպումների ժամանակ ծայրաստիճան հազվադեպ են հարցեր տալիս բռնազավթված համայնքների մասին։ Թեպետ, բնավ զարմանալի չէ, որ նրանց, ովքեր հոժարակամ գալիս են Փաշինյանի հետ հանդիպման, չի հետաքրքրում գրավյալ համայնքների ճակատագիրը. նրանք խոսում են ՀԴՄ-ների մասին և լսում կապիտուլյանտի պատմությունները, թե ինչպես են զինվորները զորանոցներում լոլիկ ու ելակ ուտում։

Օրերս գործարկվել է այսպես կոչված փորձնական հեռուստաալիք. այն հեռարձակում է կապիտուլյանտի նախընտրական ելույթներն ու մասնագիտանում առաջիկա ընտրությունների վերաբերյալ փողոցային հարցումների մեջ: Առաջին զանգվածային հարցումներն անցկացվել են Աշտարակում և Ապարանում։ Հարցման ենթարկված մեծաթիվ քաղաքացիներից ոչ մեկը ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու իր որոշումը չի կապել Արցախի հանձնման և Հայաստանի բռնազավթման հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների քարոզչական ողջ քաղաքականությունն ուղղված է ակնհայտն անտեսելուն։