Օնիկ Գասպարյան․ «Լսիր, Նիկոլ, պարկեշտության սահմանները մի անցնի»

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը արձագանքել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Armlur.am-ը հրապարակել է նրա հայտարարությունը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրեն մեղադրում են Մեղրին, Մեղրիով միջանցք տալու մեջ բայց այդ գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին։ «Ես չեմ ուզում թաքցնել, նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մարդիկ կան` էստեղ ներկա են, մեր ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասում էր` ստորագրի, ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, և էդ պահին մարդիկ են եղել ներկա, մի հոգի չէ, երկու հոգի չէ, չորս ու հինգ հոգի չէ»,–ասել էր Փաշինյանը։

Օնիկ Գասպարյանն իր հերթինհայտարարել է, որ Փաշինյանն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։

«Լսիր, նիկոլ (Գասպարյանն ինքն է Փաշինյանի անունը փոքրատառ գրել. խմբ), պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ,որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։ Ի դեպ, բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։ Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է` այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում` հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով »այն նախագծից հանելու համար։Նաև նշել եմ,որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»,–ասել է Գասպարյանը։

Նա Փաշինյանին «շնորհակալություն» է հայտնել, որ Քենեդու սպանության մեջ իրեն դեռ չեն մեղադրում։

Գասպարյանը շեշտել է, որ ինքը պատասխանատվությունից երբեք չի խուսափել, իր զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չի թաքնվել և պատրաստ է պատասխան տալ իր ողջ գործունեության համար։ Համոզված է, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Sputnik Armenia