Զախարովա. Ռուսաստանը էական ներդրում ունի հետպատերազմյան ականազերծման գործընթացում

Ռուսաստանը էական և նշանակալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան ականազերծման գործընթացում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am:

Նա նշել է, որ տարածքների ականազերծման խնդիրը ցանկացած զինված հակամարտության առավել վտանգավոր և դժվար վերացվող հետևանքներից է: Ռուսաստանը էական և նշանակալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետպատերազմյան ականազերծման գործընթացում:

«Անցյալ տարվա նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահների ջանքերով հայտնաբերվել է մոտ 26 000 պայթյունավտանգ նյութ և մաքրվել է շուրջ 2 հա տարածք, ստուգվել են ավելի քան 2000 շենքեր և 650 կմ ճանապարհներ: Նմանատիպ միջոցառումներ է իրականացնում նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը, և հունվարի 4-ից, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելով, ռուս մասնագետները ուսումնասիրել են 550 հա տարածք և վնասազերծել 18000 պայթյունավտանգ առարկա՝ Աղդամի շրջանի տարածքում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Երևանի և Բաքվի հետ կանոնավոր շփումների ընթացքում, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, Մոսկվան կոչ է անում համագործակցություն հաստատել ականազերծման հարցերում, ներառյալ ականազերծված դաշտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: «Ռուսաստանի արտգործնախարարն այս թեման քննարկել է Երևան և Բաքու կատարած իր վերջին այցերի ընթացքում: Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կարագանա: Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս այն բանի օգտին, որ բոլոր խնդիրները, որոնք ունեն մարդասիրական բնույթ, ներառյալ ռազմագերիներին, կալանավորված անձանց, մահացածների մարմինները վերադարձնելը, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը, լուծվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններին խիստ համապատասխան, և որպեսզի այս ամենն արվի հնարավորինս արագ և առանց նախապայմանների»: