ՀՀ–ում ընտրությունները մրցակցային էին, բայց ԵԱՀԿ առաքելությունն ունի իր դիտարկումները
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային ու, հաշվի առնելով բավական կարճ ժամանակահատվածը, լավ կազմակերպված։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Եղել է ծայրահեղ բևեռացում, թշնամական հռետորաբանություն հիմնական մասնակիցների կողմից։ Ընդհանուր առմամբ օրենսդրությունը եղել է համակողմանի։ Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխություններն ընդունվել են ընտրություններից առաջ շատ կարճ ժամանակահատվածում, որոշ իրավական անորոշություն եղել է։ Վարչարարությունն արվել է շատ թափանցիկ, պրոֆեսիոնալ ձևով և վայելել է շահագրգիռ կողմերի վստահությունը»,– ասաց ԵԱՀԿ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Քարի Հենրիքսենը։
Միջազգային 73 դիտորդների մեծ մասը, նրա խոսքով, դրական կարծիք է հայտնել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ։
ԵԽԽՎ դիտորդական խմբի ղեկավար Ջորջ Կատրոգալոսը` որպես Հունաստանի ներկայացուցիչ, մինչ ելույթի բուն թեմային անցնելը ներկա դժվարին իրավիճակում հույն ժողովրդի եղբայրական համերաշխությունը հայտնեց Հայաստանին ու հայ ժողովրդին ։ «Մենք ձեզ հետ ենք»,– ասաց նա։
Որպես Հունաստանի ներկայացուցիչ, որտեղ քաղաքական համակարգը ևս, նրա բնորոշմամբ, խիստ բևեռացված է, Կատրոգալոսը նաև մի խորհուրդը տվեց հայաստանյան քաղաքական ուժերին։
«Ընտրությունների ավարտից հետո առաջին շրջանում ընտրությունների արդյունքները պետք է դիտարկել որպես ի վերուստ տրված։ Ցանկացած կողմ դա պետք է դիտարկի որպես մեկ քայլ առաջ և հաջորդ ընտրություններին մասնակցելու շանս»,– ասաց նա` միաժամանակ հավելելով, որ անկախ բևեռացվածության առկայությունից` միջազգային դիտորդներն ամբողջովին ընդունում են Հայաստանի ընտրությունների արդյունքները։
Դիտորդը նշեց, որ ընտրությունների ընթացքում իրենք որոշ տեխնիկական խնդիրներ արձանագրել են` տեղամասերի ծանրաբեռնվածություն, ընտրատարածքների մատչելիություն։
«Բայց սա որևէ կերպ հարցականի տակ չի դնում ընտրությունների ժողովրդավարական ու սահմանադրական բնույթը»,– ԵԽԽՎ դիտորդական խմբի ղեկավարը։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչ Յոհան Մերֆին էլ ընդգծեց, որ ընտրությունների դիտարկման ընթացքում իրենք որևէ խոչընդոտի չեն բախվել, իշխանություններն ու մասնակից քաղաքական ուժերն ամեն կերպ աջակցել են իրենց։ Իրենք էլ բոլոր ասպարեզներում հանդիպել են պրոֆեսիոնալ աշխատանքի։ Այդուհանդերձ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի ներկայացուցիչը ևս շեշտեց ագրեսիայի ու թշնամանքի առկայությունը ընտրական հռետորաբանության մեջ։
«Ագրեսիվ, անձնավորված ու որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը միգուցե խաթարել է այն կառուցողականությունը, որը կարող էր լինել ընտրությունների կազմակերպման գործընթացում»,– ասաց նա։
Նրա խոսքով` անգամ այդ միջավայրում իշխանությունը կարողացել է ապահովել այնպիսի միջավայր, որն անհրաժեշտ է ընտրությունների անցկացման համար և հույս հայտնեց, որ իշխանությունը կապահովի նաև առկա բոլոր բողոքների ուսումնասիրությունը։
Միջազգային դիտորդական առաքելության վերջնական եզրակացությունը կհրապարակվի 2 ամիս հետո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։